Ինովացիա

Երվանդ Քոչարի ստեղծագործությունը՝ ինստալյացիայի լեզվով. վարպետի թանգարանը մասնակցեց ԴիջիԹեք-ին

3 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի ստեղծագործությունը՝ ինստալյացիայի լեզվով. վարպետի թանգարանը մասնակցեց ԴիջիԹեք-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի թանգարանը, որը մշտապես հետևում է տեխնոլոգիական զարգացումներին և ձգտում ժամանակին համընթաց քայլել, ԴիջիԹեք-ին մասնակցում է ուշագրավ ինստալյացիայով, որը ստեղծվել է Քոչարի «Մարդ-քաղաք» շարքի ստեղծագործություններից մեկի հիման վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 4-ին ԴիջիԹեք-ի բացմանը թանգարանի տնօրեն Կարինե Քոչարն ասաց՝ վարպետը 1930-ականներին նվիրվել է «Մարդ-քաղաք» շարքի ստեղծմանը, որում արտացոլել է, թե գիտության առաջընթացի պայմաններում ինչպես  պետք է մարդն արձագանքի փոփոխություններին, թե ինչպես դա կարող է ազդել մարդու ներաշխարհի, նրա ապրելակերպի, կյանքի որակի վրա։ 

Հենց այդ շարքում ծնվել են հետաքրքիր ստեղծագործություններ, որոնց հիման վրա թանգարանը ստեղծում է ժամանակակից ինստալյացիաներ՝ հարուստ նորարարական տեխնոլոգիական մոտեցումներով՝ նպատակ ունենալով ավելի հասու լինի այցելուներին։

«Ինստալյացիան ներկայացվել է իր NFT-ով և վիդեոարթ բաղադրիչով։ Ինստալյացիան շարքի «Գլխանկար» ստեղծագործության վերարտադրությունն է։ Քոչարի ստեղծագործությունների հիմնական ուղերձն այն է, որ ցանկացած գիտական առաջընթացի և գիտական հեղափոխությունների արդյունքում մարդը չպետք է կորցնի հոգևոր բաղադրիչը։ Դրանով է նա մնում աստվածային էակ։ Որքան էլ զարգանա գիտությունը, մարդու հոգևորի պահպանումն անչափ կարևոր է մարդու էության համար, գոյության համար, հակառակ դեպքում մենք կվերածվենք ռոբոտների, մեխանիզացված էակների»,-շեշտեց Կարինե Քոչարը։

Ինստալյացիայի հեղինակ, թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և  հանրահռչակման բաժնի ղեկավար Աշոտ Մարաբյանն էլ նշեց՝ ինստալյացիան արտացոլում է ուրբանիզացված մարդու ձևախախտումը։ «Նկարի շերտավորված տեսքն ենք տեսնում, որի մեջ կա նաև էկրան, որի վրա քաղաքն է։  Եթե տեսնեք Քոչարի աշխատանքի բնօրինակը, կնկատեք, որ այն բաղկացած է երկու մասից, կիսված է երկու հատվածի, որի մի մասից մետաղանում է։ Տպավորություն է, որ մարդը սկսում է մետաղանալ, ձևափոխվել ու  վերածվել ռոբոտացված օբյեկտի»,-մանրամասնեց նա։

Մարաբյանը հիշեցրեց՝ Երվանդ Քոչարի թանգարան նպատակն է Քոչարին վերադարձնել աշխարհին, և իրենց բոլոր նախագծերն ուղղված են դրան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում