ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի սանձազերծումը կախված է այն հանգամանքից, թե Իսրայելի ղեկավարությունն ինչպես կպատասխանի Իրանի վերջին հրթիռակոծումներին, այսինքն՝ կգնա՞ ծայրահեղ մեթոդների, թե՞ ոչ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծություններին։
«Չոր հաշվարկը ցույց է տալիս, որ Իսրայելին այս փուլում պետք չէ նման էսկալացիան։ Ուժի ցուցադրում, մկանների թափահարում կարող ենք տեսնել պատասխան հրթիռակոծման, նոր օբյեկտների խոցման, ենթակառուցվածքների ոչնչացման տեսքով, սակայն փորձագիտական շրջանակների վերլուծությունը ցույց է տալիս, որ, այդուհանդերձ, չեն լինի այնպիսի գործողություններ կամ ոչ ադեկվատ հարվածներ պարունակող ռազմական էլեմենտներ, որոնք կհանգեցնեն լայնածավալ սրացման։ Այս փուլում դեռ հույս կա, որ մեծ էսկալացիա չի լինի»,- ասաց Քոչարյանը։
Նրա դիտարկմամբ՝ արդեն լրանում է մեկ տարին, ինչ Իսրայելը ՀԱՄԱՍ-ի նկատմամբ իրականացնում է մարտական գործողություններ և այդ ճակատում արդեն բախվում էր լուրջ խնդիրների՝ խրվելով ճահճի մեջ, հետևաբար լիբանանյան արշավը, ասել է թե՝ շեշտադրության փոխադրումը, ներիսրայելական քաղաքական կյանքում հասարակական կարծիքի և հանրային ուշադրության տեղափոխումը Լիբանանի ուղղությամբ, որտեղ Թել-Ավիվը բավականին լուրջ հաջողություններ է գրանցել «Հեզբոլլահի» դեմ պայքարում՝ վերջինիս ղեկավարության ոչնչացման տեսանկյունից, քարտ բլանշ է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որպեսզի նա մնա քաղաքական դաշտում։
«Նեթանյահուն քաղաքական դաշտում իր կենսունակությունը պահելու համար գնում է նման զարգացումների, ինչը, բնականաբար, դուր չի գալիս բոլոր խաղացողներին։ Նեթանյահուն պարզապես ունի ժամանակային հատված, մինչև որ ԱՄՆ-ում ձևավորվի նոր իշխանություն, ինչից հետո կտեսնենք, որ բոլորը կփորձեն պատասխան ստանալ Իսրայելի գործող վարչապետից վերջին շրջանում ցուցաբերած արկածախնդրությունների համար»,- ասաց արաբագետը։
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ վերջին զարգացումների համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետությունն Իսրայելին զսպելու նպատակով ավելի մեծ ակտիվություն է ցուցադրում, քան արաբական պետությունները, Քոչարյանն ընդգծեց, որ դա նշանակում է, որ ոչ բոլոր արաբական պետություններն են առաջնորդվում մեկ շահով կամ ոչ բոլորն են կանգնած անվտանգության ապահովման նոր խնդիրների առջև, հետևաբար աշխատում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ և ներգրավված են անվտանգային տարբեր համակարգերի մեջ։
«Նրանց շահերը երբեմն չեն համընկնում, այդ պատճառով էլ տեղին չէ այն կարծիքը, որ եթե արաբական երկրներ են, ապա միշտ պետք է գործեն միակամ և միահամուռ, հանդես գան միասնական ճակատով։ Քաղաքական-դիվանագիտական դաշտում նրանք, իհարկե, գործում են, անում որոշակի դատապարտող հայտարարություններ, բայց ինչ վերաբերում է Իրանին, ապա այդ երկիրն իր կենսագործունեության տարածքում իր անվտանգության համակարգի դեմ ուղղված գործողություններ է տեսնում, հետևաբար արձագանքն այնպիսին է, ինչպիսին տեսավ միջազգային հանրությունը։ Այս խնդրում չպետք է տրվել համաարաբական մոտիվների, նման բան չկա»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։
Խոսելով Իսրայելի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի դիրքորոշմանն այս հարցում՝ Քոչարյանն ասաց, որ Միացյալ Նահանգներում անցումային շրջան է, հետևաբար այնտեղից հնչող խորհուրդները, հորդորներն ու սպառնալիքներն իսրայելական կողմը լրջությամբ չի ընդունում։
«Ժամանակային այս փոքր միջակայքում Նեթանյահուն կփորձի ամեն բան անել՝ ելնելով, իր բնորոշմամբ, հրեական պետության շահերից, հետևաբար կձգտի գործողությունները հասցնել ավարտին, որովհետև ամերիկյան ընտրություններից և նոր իշխանության ձևավորումից հետո խաղարկելու և բոլոր գործոնները շահարկելու հնարավորություններ չի ունենա։ Նույնիսկ կարող է առաջանալ այս ամենի համար պատասխան տալու հարց։ Չի բացառվում, որ Իսրայելում ականատես կլինենք նոր ընտրությունների»,- ասաց մեր զրուցակիցը։
Քոչարյանի բնորոշմամբ՝ Նեթանյահուն այս պահին դեռ անկյունում չի գտնվում, բայց նման իրավիճակ կարող է ստեղծվել՝ հաշվի առնելով նրա արկածախնդիր էությունը։ Այդուհանդերձ, դեռ իրավիճակն ընդհանուր առմամբ նրա կողմից վերահսկելի է։ Օրեր առաջ Լիբանան մտնելու հանգամանքը նրան տվել է քաղաքական կենսունակություն, բայց պետք է հետևել հետագա զարգացումներին և սպասել, թե ի վերջո ինչ արձագանք կտա Նեթանյահուի կաբինետը հրթիռակոծումներին։ Արաբագետի կարծիքով՝ եթե պատասխանը լինի կոշտ և չհիմնավորված, եթե լինի կարմիր գծերը հատող հարձակում, լինեն Իսրայելի ու նրա դաշնակիցների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից դուրս գործողություններ, ապա Մերձավոր Արևելքը կկանգնի լուրջ և համապարփակ անվտանգային խնդիրների առջև։
Մանվել Մարգարյան