Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և թանգարանում կիրականացվեն վերանորոգման հիմնարար աշխատանքներ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը և հուշահամալիրը միշտ ունեցել են խնդիրներ՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ փորձեր են արվել լուծել այդ խնդիրները, բայց ապարդյուն, և հիմա վերջապես ստեղծվել է իրավիճակը շտկելու հնարավորություն, քանի որ թանգարան-ինստիտուտում և հուշահամալիրում կիրականացվեն հիմնարար վերանորոգման աշխատանքներ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում տեղեկացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը՝ ներկայացնելով վերանորոգման ծրագրերը։  

«2015 թվականին վերանորոգվեց հուշահամալիրի սյունը, սակայն բուն հուշահամալիրի հետ կապված խնդիրը տակավին մնում է արդիական։ 2020 թվականին թանգարան-ինստիտուտը դիմեց կառավարությանը, որպեսզի գումար հատկացվի՝ վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար։ Նույն տարվա դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարությունը հատկացրեց ֆինանսական միջոցներ, որպեսզի պատվիրեինք մեր շենքի և հուշահամալիրի հիմնանորոգման նախագծի աշխատանքները»,- ասաց Գզոյանը։

Նա հավելեց, որ 2021 թվականի ապրիլին նախագիծն արդեն պատրաստ էր, որը ներառում էր նաև հուշարձանի հարակից կանաչապատ տարածքի ոռոգման համակարգի բարելավման հարցը։ Մասնավորապես, նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի կառուցում, որն ապահովելու է կաթիլային համակարգի աշխատանքը։ Վերանորոգումն, ըստ էության, նախատեսում է նաև տարածքի բարեկարգում և կանաչապատում։ Արդյունքում ընդլայնվելու է նաև հուշապատի կողքով անցնող ճեմուղին։ 

«Ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով անձրևաջրերը քայքայում են շենքի և հուշահամալիրի պատերը, փչացնում են քարերն՝ առաջացնելով անվտանգության հետ կապված խնդիրներ։ Քարերի արանքում լցվել էին հատուկ նյութեր, սակայն դա ժամանակավոր լուծում էր։ Այժմ ունենք հիմնարար վերանորոգման աշխատանքներ իրականացնելու և ջրահեռացման խնդրին մեկընդմիշտ լուծում տալու հնարավորություն։ Շինաշխատանքներում կընդգրկվեն հուշասյան վերանորոգման վարպետները, ովքեր քաջատեղյակ են և գիտեն, թե ինչ պետք է անեն»,- ասաց թանգարան-ինստիտուտի տնօրենը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և հուշահամալիրը գտնվում են հատուկ նշանակության և պահպանության գոտում, հետևաբար վերանորոգման հետ կապված թղթաբանության բծախնդիր պատրաստումը պահանջել է որոշակի ժամանակ։ Կառավարությունն անհրաժեշտ գումարը հատկացրել էր, սակայն որոշ անհրաժեշտ փաստաթղթեր դեռ պատրաստ չէին։ Ամբողջ շինարարությունն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության պատվերով, որն անցկացրել է նաև համապատասխան մրցույթ, որում հաղթել է «ԲԻ Բեկ» ընկերությունը։ Բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 743 միլիոն 34 հազար 625 դրամ։ Տնօրենի հավաստմամբ՝ նման խոշոր շինարարություն թանգարան-ինստիտուտում և հուշահամալիրում պետական ֆինանսավորման շրջանակում երբևէ չի իրականացվել։ Շինարարական աշխատանքներն անձամբ վերահսկելու է թանգարան-ինստիտուտի և հուշահամալիրի գլխավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր գործընկերոջ՝ Էրիկ Օհանյանի հետ։ 

Գզոյանը տեղեկացրեց, որ առաջին փուլով կվերանորոգվի հուշահամալիրը, որը կներառի նաև երեսապատման սալիկների մշակումը, և այդ գործընթացը կավարտվի Ցեղասպանության 110-ամյա տարելիցին ընդառաջ, որպեսզի ապրիլին կազմակերպվելիք միջոցառումներն անցկացվեն ճիշտ ժամանակին։ Երկրորդ փուլով նախատեսվում է թանգարան-ինստիտուտի վերանորոգումը, որը կմեկնարկի գալիք տարվա ամռանը։      

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն իր հերթին նշեց, որ ժամանակին հուշահամալիրի և թանգարանի կառուցման շինաշխատանքներն իրականացվել են ձմռան ընթացքում և սաստիկ ցուրտ եղանակի պայմաններում հնարավոր չէր ապահովել բարձր որակ։ Այսօր էլ հիմնական խնդիրները կապված են ջրահեռացման հետ։

«Ժամանակին ամեն ինչ թելադրում էր քաղաքականությունը։ Որոշում էր կայացվել հնարավորինս շուտ ավարտել շինաշխատանքները, ուստի որակի հարցը մղվեց երկրորդ պլան։ Տարիներ անց առաջացավ նաև թանգարան կառուցելու անհրաժեշտություն։ Առաջարկությունն, ինչ խոսք, հաճելի էր և ընդունելի, սակայն այդ նախագիծը նույնպես իրականացվեց շատ արագ, որովհետև մոտենում էր Հայոց ցեղասպանության 80-ամյա տարելիցը և անհրաժեշտ էր շինությունը շահագործման հանձնել մինչև ապրիլ, իսկ ժամանակը քիչ էր։ Նույն ցուրտ պայմաններում սկսվեց նաև թանգարանի շինարարությունը, որը տևեց մեկ տարի և կառուցողներն այդ ընթացքում կանգնեցին բազմաթիվ բարդ խնդիրների առջև, ինչը չէր կարող չանդրադառնալ որակի վրա։ 2005, այնուհետև 2015 թվականին նույնպես առաջացավ հիմնանորոգման հարց։ Հույս ունեմ, որ այս անգամ գոնե հաշվի կառնեն մեր մտահոգությունները և հիմնական արտաքին շինաշխատանքները կիրականացվեն այն շրջանում, որի ընթացքում կապահովվի ցանկալի որակ»,- ասաց Քալաշյանը։ 

Ճարտարապետը վստահեցրեց, որ ներքին աշխատանքների համար խոչընդոտներ չկան, պարզապես պետք է վերանորոգվեն նախկինում վնասված հատվածներն ու վերացվեն անձրևաջրերից առաջացած հետևանքները։ Որոշվել է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ և՛ թանգարան-ինստիտուտը, և՛ հուշահամալիրը փակ չեն լինի այցելուների համար։  

Մանվել Մարգարյան 

Հայերեն العربية Español

Մեքսիկան զինվորականների կներգրավի ԱՄՆ-ի հետ սահմանի պահպանության ուժեղացմանը

ԱՄՆ-ն կասեցրել է մեքսիկական ապրանքների մաքսատուրքերի սահմանումը

Ռումինիայի նախագահը հերքել է իր վաղաժամկետ հրաժարականի մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ

Սերբիայի նախագահը ուսանող ցուցարարներին առաջարկել է փետրվարի 5-ին բանակցություններ սկսել

Վրաստանի ընդդիմությունը բռնապետության սպառնալիք է որակել երկրի օրենսդրության հնարավոր խստացումը

Մոլդովայում պահանջել են հետաքննել USAID-ի գործունեությունը

ՕՊԵԿ+-ի երկրների կոմիտեի նախարարները որոշել են չփոխել նավթի արդյունահանման ընթացիկ քաղաքականությունը

Արմավիր մարզում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել

Հայտնի են համահայկական խաղերի ձնամարտի մրցաշարի հաղթողը և մրցանակակիրները