Երևանում հանդիսավոր պայմաններում բացվեց իրանական ամենախոշոր միջազգային առևտրի կենտրոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում «Մուլտի-գոլդ» ոսկու շուկայի հարևանությամբ հանդիսավոր պայմաններում բացվեց Իրանի ​​առևտրի կենտրոնը, որի նպատակն է զարգացնել և խորացնել Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրատնտեսական կապերը՝ նոր հորիզոններ բացելով գործարար շրջանակների համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր ելույթում նշեց, որ իրանական տվյալ կենտրոնն ամենախոշորն է ողջ աշխարհում, ինչը վկայում է Իրանի և Հայաստանի միջև բարեկամական խորը հարաբերությունների մասին։ 

«Երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ծավալները գրանցել են թռիչքային աճ։ Հուսով ենք, որ այս առևտրի կենտրոնի շնորհիվ ևս մեծ թափ կհաղորդվի երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանը։ Իրանի ու Հայաստանի միջև փոխգործակցությունը բազմազան է, տնտեսական, տրանսպորտային ու ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցության միջոցով կողմերը կարող են փոխլրացնել միմյանց։ Փոխադրումների և էներգետիկ ասպարեզում համագործակցությունը նույնպես շատ լուրջ կապիտալ կստեղծի երկու երկրների ժողովուրդների համար»,- ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։  

Նա հավելեց, որ իրանական կողմը վճռական է և պատրաստակամ՝ օգտվելու երկու երկրների միջև առկա հնարավորություններից ու ներուժից, որպեսզի առավելագույն չափով զարգանա փոխշահավետ փոխգործակցությունը բոլոր ոլորտներում։ 

«Մեր երկրների ղեկավարների մոտ առկա է հզոր քաղաքական կամք՝ հետայսու նույնպես զարգացնելու և խորացնելու համագործակցությունը։ Հանձնառու ենք հետևողական լինել և Իրանի ու Հայաստանի ղեկավարների քաղաքական կամքի դրսևորման պայմաններում ձեռնարկել ջանքեր, որպեսզի նրանց նախանշած նպատակները դառնան իրականություն։ Մեր երկրների ղեկավարները սահմանել են երեք միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության շեմ, ուստի մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք, որպեսզի այդ նպատակը դարձնենք իրական։ Շնորհակալ ենք նաև ՀՀ կառավարությանն այնպիսի հնարավորություններ ընձեռելու համար, որոնց շնորհիվ՝ բարենպաստ պայմաններ են ստեղծվել իրանական ընկերությունների համար Հայաստանում նախատեսված ծրագրերին մասնակցելու առումով։ Ակնկալում  ենք, որ ապագայում նույնպես այդ աջակցությունը կշարունակվի»,- եզրափակեց դիվանագետը։ 

Մանվել Մարգարյան 

 

 

 

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული 中文

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում