ՀՀ պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաև ՊՊԾ-ի վրա
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածելու մասին օրինագծին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում ներկայացրեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։
Նրա խոսքով՝ «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն հոդվածի մեկ այլ մասով պատերազմի և ռազմական դրության ժամանակ զինված ուժերում ընդգրկվում են նաև ՊՊԾ զինծառայողները՝ մասնակցելով մարտական գործողությունների, մարտական հերթապահության և կատարելով հատուկ առաջադրանք։
ՊՊԾ պետի տեղակալը նշեց, որ «Հատուցման գումարների վճարման կարգը» վերտառությամբ հոդվածում թվարկված են այն գերատեսչությունները, որոնք պետք է հիմնադրամ ներկայացնեն շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Օրենքի դրույթները, մինչև ԱԱԾ-ից առանձնանալը, տարածվում էր նաև ՊՊԾ-ի վրա, իսկ հատուցման անհրաժեշտության դեպքում հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից։
Հաշվի առնելով՝ Պետական պահպանության ծառայության՝ ԱԱԾ կառուցվածքում չլինելը և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին հանդիսանալը, ինչպես նաև համապատասխան հոդվածով սահմանված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը, հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտ առաջանալ շահառուներին գումարի վճարմանը։
Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա: