ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Շաղլ Ֆղայսի հետ:
«Զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ ՀՀ-ԵՄ անվտանգային հարաբերությունների օրակարգն ու առկա հնարավորությունները: Անդրադարձ ենք կատարել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման դիտանկյունից: Քննարկել ենք նաև Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին օժանդակություն տրամադրելու հարցը՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղարը: