Զելենսկին Վաշինգտոնում հանդիպել է Բայդենի, Հարիսի և ԱՄՆ սենատորների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, փոխնախագահ Քամալա Հարիսի և ամերիկացի սենատորների հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Բայդենն իր ուկրաինացի պաշտոնակցի հետ զրույցում ընդգծել է Կիևին անվտանգության ոլորտում աջակցությունն ավելացնելու իր որոշումը։

Զելենսկին Բայդենին է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը», և երկու ղեկավարները «քննարկել են նախագահ Զելենսկիի ծրագրի դիվանագիտական, տնտեսական և ռազմական ասպեկտները»։ Համապատասխան խմբերին հանձնարարվել է ինտենսիվ խորհրդակցություններ անցկացնել հաջորդ քայլերի շուրջ։ 

Հոկտեմբերի 12-ին Բայդենը Գերմանիայում կհյուրընկալի Ուկրաինայի պաշտպանության հարցով շփման խմբի հանդիպումը երկրների ղեկավարների մակարդակով, որի ընթացքում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարները կդիտարկեն այդ խորհրդակցությունների առաջընթացը և միջազգային գործընկերների հետ Ուկրաինային տրամադրվող լրացուցիչ օգնությունը։

Ըստ Սպիտակ տան մեկ այլ հաղորդագրության՝ Բայդենը նաև հայտարարել է Ուկրաինային 2,4 միլիարդ դոլար անվտանգության աջակցություն տրամադրելու մասին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը կարգադրել է Ուկրաինային հատկացված անվտանգության աջակցության մնացած մասը Կիևին տրամադրել մինչև իր պաշտոնավարման ավարտը։ 

Իսկ նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է առաջնագծում վերջին զարգացումները, ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային։ 

Հարիսը հանդիպման ժամանակ իր մեկնաբանություններում ցույց է տվել իր և ընտրություններում իր հակառակորդ Դոնալդ Թրամփի մոտեցումների տարբերությունն Ուկրաինայի հարցում։ 

«Իմ երկրում կամ ոմանք, որոնք փոխարենն Ուկրաինային կստիպեին իր ինքնիշխան տարածքից մեծ հատվածներ զիջել, որոնք կպահանջեին, որ Ուկրաինան չեզոքություն ընդունի, և կպահանջեին, որ Ուկրաինան հրաժարվի այլ երկրների հետ անվտանգային հարաբերություններից։ Այս առաջարկները նույնն են, ինչ (ՌԴ նախագահ) Պուտինի առաջարկները, և եկեք պարզ ասենք, որ դրանք խաղաղության առաջարկներ չեն», - Հարիսի խոսքերն է մեջբերում CNN-ը։ 

Սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի նախագահը նաև հանդիպել է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների սենատորների հետ։ Ըստ The Hill պարբերականի՝ փակ դռների հետևում 1,5 ժամ տևած հանդիպման ընթացքում Զելենսկին ասել է, որ Կիևն ավելի շատ F-16-երի և հեռահար զենքերի կարիք ունի։ Ուկրաինայի նախագահը նաև խնդրել է թույլ տալ իր երկրին հարվածել Ռուսաստանում գտնվող այն թիրախներին, որտեղից հարվածներ են հասցվում Ուկրաինային։ 

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը