Հայաստանում ֆրանսիական համալսարանում կազմակերպվել է դասընթաց զանգվածային ոճրագործությունների մասին՝ պատմության և իրավունքի տեսանկյունից

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում մեկնարկել է երկօրյա դասընթաց՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Փարիզի Շոայի հուշահամալիրի համատեղ նախաձեռնությամբ և Գերմանիայի ԱԳ նախարարության աջակցությամբ։ Դասընթացը կրում է «Այլևս երբե՛ք, համեմատել՝ պատմական փաստերն ավելի լավ եզակիացնելու նպատակով» խորագիրը, որը վերաբերում է զանգվածային ոճրագործություններին, դրանց քննադատությանը՝ պատմության և իրավունքի տեսանկյունից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին ողջույնի խոսքում նշեց, որ պահն իսկապես բացառիկ է իրենց համար, քանի որ ցեղասպանություններին առնչվող հարցերը, որոնք անմիջականորեն վերաբերում են հայերին, պետք է արժանանան համապատասխան գիտապատմական ուսումնասիրությունների։ 

Ռեկտորը վկայակոչեց Սիմոն Վեյլի հայտնի խոսքերը, որով հակադարձել էր նրանց, ովքեր ասում էին, թե հնարավոր չէ անուն առ անուն վկայակոչել այն, ինչ տեղի է ունեցել ցեղասպանության ժամանակ։ Սիմոն Վեյլը մասնավորապես ասել է. «Մենք խոսում ենք այդ մասին, պարզապես մյուսները չեն ցանկանում լսել կամ ընկալել»։ 

«Թեման կարևոր է այնքանով, որ Փարիզում և Երևանում գտնվող ցեղասպանության հուշահամալիրներում պահպանվում են արխիվներն ու պատմական հիշողությունը։ Կցանկանայի, որ ուսանողները մեծապես օգտվեին արխիվներից, առավել ևս, որ Շոայի արխիվները հավաքվել են դեռ Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Այնտեղ ամեն ինչ ժամանակին փաստաթղթավորվել է։ Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան շփվել հայտնի պատմաբանների, ինչպես նաև այն անձանց հետ, ովքեր բավականին երկար ժամանակ աշխատել են ու հանգամանորեն զբաղվել ցեղասպանությանն առնչվող հարցերով։ Օգտվելով առիթից՝ ուսանողները կարող են ակտիվորեն ներգրավվել քննարկումներում, բարձրացնել բազմապիսի հարցեր։ Վերջում, երբ կամփոփենք դասընթացի արդյունքները, պարզ կդառնա, թե ինչ են մտապահել ուսանողները։ Տվյալ թեմայի քննարկումներն ինչ-որ առումով այս միջոցառումը դարձնում են ակադեմիական»,- ասաց Սալվա Նակուզին։

Նա նշեց, որ սույն ծրագիրն առաջարկել են համատեղ իրականացնել հենց Շոայի հուշահամալիրի աշխատակիցները, և շնորհակալություն հայտնեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ ցուցաբերած աջակցության համար։ 

Շոայի հուշահամալիրի ներկայացուցիչ Բրունո Բուայեն իր հերթին նշեց, որ թեև նախկինում առիթներ ունեցել է այցելել Հայաստան, սակայն առաջին անգամ է ֆրանկոֆոն միջավայրում՝ ֆրանսիական համալսարանում մասնակցում նման կարևոր միջոցառման։

«Մեր հուշահամալիրը յուրատեսակ թանգարան է, որի գործունեությունը խարսխված է գիտական մոտեցումների վրա։ Այն, ինչ կքննարկենք ձեզ հետ, զուտ կարծիքներ, տեսակետներ չեն, այլ գիտական աշխատանք է, որն ունի կենսական նշանակություն։ Այս երեք օրերի ընթացքում մենք ոչ մասնագետ ուսանողների հետ ուսումնասիրելու ենք զանգվածային վայրագությունների դրդապատճառները, ծնող հանգամանքները։ Մենք նման միջոցառումներ կազմակերպել ենք նաև Բելգրադում, Բարսելոնայում, Միլանում և այլ քաղաքներում։ Այսօրվա միջոցառման խորհուրդն այն է, որ դուք ժառանգներն եք ցեղասպանությունից տուժածների, ովքեր ունեցել են ողբերգական ճակատագիր։ Հայ ժողովուրդն անմիջականորեն ենթարկվել է ցեղասպանության։ Մեր քննարկումների և մտքերի փոխանակման առանցքում լինելու է հենց այս ելակետը»,- ասաց Բուայեն։

Նա տեղեկացրեց, որ հետապնդում են երեք նպատակ։ Առաջինը՝ օգնել ուսանողներին, որպեսզի նրանք ծանոթանան Շոայի հուշահամալիրի գործունեությանը, որի հետ առերեսվում են շատերը՝ անկախ իրենց մասնագիտությունից։ Բուայեի կարծիքով՝ ոմանց թվում է, թե քաջածանոթ են թեմային, բայց իրականում նրանք շատ քիչ բան գիտեն, հետևաբար դասընթացի ընթացքում ուսանողներին կներկայացվեն վերոհիշյալ հուշահամալիրի գործունեության հետ կապված խորքային և հիմնարար տեղեկություններ։ 

«Երկրորդ նպատակը հարցի քննարկման ընթացքում ճիշտ տերմինաբանության և ձևակերպումների ընտրությունն է, դրանց փաստարկված կիրառումը, որովհետև անճշտությունները սովորաբար առաջացնում են խնդիրներ, լուրջ հետևանքներ՝ դժվարացնելով հաղորդակցությունը։ Նույնիսկ կարևոր է այն, թե ինչ բառեր պետք է օգտագործվեն քննարկումների ժամանակ։ Ջորջ Օրուելը «1984» վերնագրով գրքում ասում էր՝ բառերն արդեն իմաստափոխվել են, այսինքն՝ նացիստներն այլևս նացիստներ չեն, ֆաշիստներն այլևս ֆաշիստներ չեն և ցեղասպանությունն այլևս չի ընկալվում որպես ցեղասպանություն, մինչդեռ մենք ցանկանում ենք վերստին բառերին հաղորդել իրենց բուն իմաստը, օբյեկտիվորեն գնահատել, թե ինչ են զանգվածային վայրագություններն ու պատերազմական հանցագործությունները, ինչ են, ի վերջո, մարդկության դեմ իրականացված ոճրագործություններն ու էթնիկ զտումները։ Հուսով ենք, որ այս երեք օրերի ընթացքում կկարողանանք ճիշտ և սկզբունքային ձևակերպումներով բնութագրել այդ ամենը»,- մանրամասնեց Բուայեն։   

Ըստ նրա՝ միջոցառման երրորդ նպատակն ուսանողներին ոչ այնքան պատմական գիտելիքներ փոխանցելն է, որքան ընկալելի դարձնելն այն, ինչը լինելու է հանգամանալից քննարկման առարկա։ Շոայի հուշահամալիրի ներկայացուցչի կարծիքով՝ շատ կարևոր է երևույթներին նայել ընդգրկուն հայացքով, որպեսզի մեզ շրջապատող իրականության մեջ տեղի ունեցող իրադարձությունները դառնան հասկանալի։ Նրա համոզմամբ՝ անկախ ամեն ինչից, կա պատմական ճշմարտություն և անհերքելի փաստերի առկայություն, որոնց հետևում կան գիտական աշխատություններ, որոնք բացահայտում են ճշմարտությունը, որքան էլ որ ավտորիտար վարչակարգերը փորձում են խեղաթյուրել դրանք և կեղծել պատմությունը։ Բուայեի բնորոշմամբ՝ նման միջոցառումները թույլ են տալիս պայքարել կեղծիքների դեմ։   

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նույնպես հույժ կարևորեց այս միջոցառումը, որը տեղի է ունենում Հայաստանում ֆրանսիական համալսրանում։ Նրա կարծիքով՝ տվյալ թեմայի արծարծումն առավելապես կարևոր է այն առումով, որ քննարկումներին մասնակցում են ուսանողներ՝ ապագա մասնագետներ, պատմաբաններ ու իրավաբաններ։ Դեսպանը հույս հայտնեց, որ կլինեն հետաքրքիր մեկնաբանություններ, մտքերի փոխանակումներ, որոնց միջոցով կսահմանվեն այն հայեցակարգերը, որոնք հետագայում կկիրառվեն հանապազօրյա պրակտիկայում։   

«Համեմատությունը տեսության մեջ բավականին կարևոր և առանցքային բաղկացուցիչ է, առավել ևս, եթե հաշվի առնենք կարծիքների բազմազանությունը։ Ցեղասպանություն տերմինի ձևակերպման շուրջ իրավական դաշտում աշխատել են շատ մասնագետներ, ովքեր հենվել են փաստերի վրա և հայտնաբերել դրդապատճառները, որոնք հանգեցրել են մասնավորապես Հայոց ցեղասպանությանը»,-նշեց դիվանագետը։

Դեսպան  Դըկոտինյիի դիտարկմամբ՝ խնդրի արծարծումը կարևոր է հատկապես այն մարդկանց համար, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել այդ արհավիրքի հետևանքները։

«Մենք այսօր ականատես ենք լինում ժխտողական քաղաքականության, երբ ոմանք ուղղակի մերժում են այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ։ Այսօր խոսում ենք մի երևույթի մասին՝ նպատակ ունենալով վառ պահել պատմական հիշողությունը, խոսում ենք հատկապես այն իրադարձությունների ֆոնին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում։ Ժամանակին աշխատել եմ Իրաքում և հանդիպել եզդիներին, ովքեր նույնպես ենթարկվել են ցեղասպանության։ Նրանք ինձ ներկայացրել են ապշեցուցիչ պատմություններ։ Այդ վայրագություններն իրենց բնույթով զանգվածային են»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը։

Քանի որ Օլիվիե Դըկոտինյին պատմության ֆակուլտետի նախկին ուսանող է, ուստի մասնագիտական տեսանկյունից նույնպես կարևորում է նման սեմինարների անցկացումը։

Օլիվիե Դըկոտինյի

Մանվել Մարգարյան 

Լուսանկարիչ՝ Հայկ Մանուկյան

Հայերեն Français Русский

ԱՄՆ-ում արհմիությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին USAID-ն փակելու պատճառով

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի 2025-ի ծրագրերը

Մոդին Փարիզում կհամանախագահի արհեստական բանականությանը նվիրված խորհրադաժողովը

POLITICO թերթի ղեկավարությունը կեղծ է որակել ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվելու մասին պնդումները

Զբոսաշրջային այցերի համար 3 մլն-ը սահմանել նշաձող․ կոմիտեն ներկայացրել է առաջիկա անելիքները

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Նորվեգիա

Նեթանյահուն պատրաստ է դադարեցնել պատերազմը, եթե ՀԱՄԱՍ-ի առաջնորդները լքեն Գազայի հատվածը

Սիրիայի նոր կառավարությունը պատրաստակամ է երկրում Ռուսաստանի ռազմաբազաները պահելու հարցում, եթե դա բխի Սիրիայի շահերից

Ռուբիոն վստահեցրել է, որ ԱՄՆ-ն կշարունակի արտասահմանյան օգնություն ցուցաբերել

Ոստիկաններն ու փրկարարները ՀՀ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն