ՀՀ ԱԳ փոխնախարարը և Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սուրբ Աթոռի նորանշանակ Առաքելական նվիրակ գերպ. Անտե Յոզիչին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, շնորհավորելով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Առաքելական նվիրակն առավելագույն ջանքեր կգործադրի երկու պետությունների բարեկամական կապերի ամրապնդման և երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերին: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք ընդգծվել է նաև հոգևոր պատմամշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը:
Ըստ աղբյուրի՝ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու անհրաժեշտությունը:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին առնչվող այլ հարցեր: