Հայաստան

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված  109 մլն դրամ վնաս

3 րոպեի ընթերցում

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված  109 մլն դրամ վնաս

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև՝ ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու նպատակով մշակված հանցավոր մեխանիզմը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

««Ա.Տ.», «Ա.», «Հ.Վ.» և «Ս.» ՍՊ ընկերությունների կողմից 2021-2022 թվականների ընթացքում պարբերաբար Վրաստանից ձեռք են բերվել և Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվել ապրանքներ, սակայն բեռն ուղեկցող փաստաթղթերում դրանք ներկայացվել են որպես ԵԱՏՄ երկրներից ներմուծված ապրանքներ, որոնց համար ներկայացված ներմուծման հարկային հայտարարագրերով հաշվարկվել և պետական բյուջե են վճարվել առաջացած ԱԱՀ գումարները:

Ընդհանուր 16 ներմուծմամբ հիշյալ ՍՊ ընկերությունների կողմից՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծում, հայտարարագրվել է ընդհանուր 285 մլն 243 հազար 187 ՀՀ դրամ հաշիվ-ապրանքագրային արժեք, որից հաշվարկվել է ընդհանուր 35 մլն 995 հազար 418  ՀՀ դրամ ներմուծման ԱԱՀ, սակայն փաստացի ներմուծված ապրանքների արժեքը, Վրաստանում ձեռք բերված հաշիվ-ապրանքագրերի համաձայն, կազմել է ընդհանուր 782 մլն 955 հազար 297 ՀՀ դրամ, որից պետք է հաշվարկվեր և պետական բյուջե վճարվեր ընդհանուր 176 մլն 714 հազար 783 ՀՀ դրամ մաքսային վճար:

Արդյունքում՝ «Ա.Տ…» ՍՊ ընկերության կողմից 3 ներմուծմամբ պետությանը պատճառվել է 12 մլն 527 հազար 358 ՀՀ դրամի վնաս, «Ս…» ՍՊ ընկերության կողմից՝ 7 ներմուծմամբ՝ 37 մլն 614 հազար 235 ՀՀ դրամի վնաս, «Հ.Վ.» ՍՊ ընկերության կողմից՝ 8 ներմուծմամբ՝ 53 մլն 906 հազար 882 ՀՀ դրամի վնաս, իսկ «Ա.» ՍՊ ընկերության կողմից՝ 6 ներմուծմամբ պետությանը պատճառվել է 36 մլն 670 հազար 890 ՀՀ դրամի վնաս: Հիշյալ 4 ընկերությունների կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 140 մլն 719 հազար 365 ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիշյալ ընկերությունների պատասխանատու անձանց կողմից 2024թ. պետական բյուջե է վճարվել 109 մլն ՀՀ դրամ: 

Նախաքննությունը շարունակվում է։

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում