Եռակողմ ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ ՆԳՆ-ն կունենա մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ․ Վահե Ղազարյան
11 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում կայացավ «ՀՀ ներքին գործերի նախարարության արդյունավետության խթանում մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագրի բացման արարողությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր համակարգի բարեփոխումների առաջ մղող կարևոր ուժը հենց կադրերն են, մարդկային ռեսուրսները, և այդ տեսանկյունից շատ կարևոր է, որ աշխատանք տարվի մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ։
«Վերոհիշյալ համակարգի բարեփոխումը պետք է անդրադառնա մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող բոլոր հարցերին՝ սկսած համակարգ ընդունվելուց, վերջացրած վերապատրաստումներով, առաջխաղացմամբ, կատարողական գնահատմամբ։ Պետք է բարեփոխվի և կատարելագործվի մարդկային ռեսուրսների կառավարմանն առնչվող ցանկացած հարց։ Մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարումը թույլ կտա համակարգում ներգրավել ու պահել լավագույն կադրերին, որոնք Ոստիկանությունում և ՆԳՆ-ում ծառայությունը կվերածեն հանրային ծառայության օրինակելի տեսակի՝ ապահովելով աշխատանքների իրականացման արդյունավետությունը և գործունեության թափանցիկությունը»,- ասաց ՆԳ նախարարը։
Ղազարյանը մարդկային ռեսուրսների կառավարման շրջանակում հատկապես կարևորեց նաև կանանց ներգրավումը և տեղեկացրեց, որ ՆԳՆ-ն նպատակադրվել է մինչև 2026 թվականը Ոստիկանությունում կանանց թիվը հասցնել 30 տոկոսի։
«Այս ծրագրի նպատակն է բազմաթիվ միջոցառումների իրականացումը, որոնք կխթանեն կանանց ներգրավվածությունը համակարգում։ Համոզված ենք, որ ծրագրի իրականացման արդյունքում կունենանք մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ, որը կստեղծի աշխատանքի համար լավագույն պայմաններն ու հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցել բարձր և որակյալ ծառայություններ։ Մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև պետական համակարգի մեր գործընկերների հետ՝ մեկնարկող ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- ասաց ՆԳ նախարարը։
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշեց, որ ներքին գործերի նախարարության ձևավորման հիմքում ի սկզբանե դրված էր ցանկացած ոլորտին ռազմավարական մոտեցման ցուցաբերման տրամաբանությունը, հետևաբար տվյալ ոլորտում կարևորվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացը։
«Երբ խոսում ենք այս խնդրի մասին և ուսումնասիրում տվյալ ոլորտում տարիներ շարունակ գրանցված զարգացումները, նկատում ենք, որ ի վերջո թե՛ միջազգային, թե՛ ներպետական ասպարեզում եկել ենք այն համոզման, որ սա ոչ թե պարզապես կառույցի սովորական, ամենօրյա աշխատանքի բաղկացուցիչ մաս է, որն ավելի շատ պետք է կենտրոնանա վարչարարական պրոցեսների վրա, այս կամ այն փաստաթղթաշրջանառությունն ապահովելու վրա, այլ սա շատ ռազմավարական մոտեցման, սուր աչքի ներքո դիտարկման ենթակա ոլորտ է, որովհետև մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի սկզբունքներից, մոտեցումներից է կախված, թե ի վերջո տվյալ կառույցն ինչպիսի արդյունավետություն պետք է երաշխավորի պրակտիկայում»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը հավելեց, որ կարևորը սկզբունքային և համալիր մոտեցումներ գտնելն է, ինչը թուլ կտա ընտրել ճիշտ մարդկանց, նրանց տալ ճիշտ հմտություններ և գիտելիքներ և նրանց տեսնել ճիշտ պաշտոններում։ Նրա պնդմամբ՝ վերոհիշյալ գործոնների համադրմամբ հնարավոր է երաշխավորել ՆԳՆ-ի առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը և հասնել ամենացանկալի արդյունքին՝ պրակտիկայում ունենալով հանրության վստահության պատշաճ մակարդակ համակարգի հանդեպ։
Սարգսյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ՆԳ նախարարության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք թույլ են տալիս նախադրյալներ ստեղծել այդ մասի համար, սակայն տվյալ եռակողմ ծրագրի մեկնարկը թույլ կտա ավելի ինստիտուցիոնալ հենքի վրա դնել այն բոլոր փոփոխությունները, որոնք ակնկալվում է ունենալ մարդկային ռեսուրսների կառավարման տրամաբանության մեջ։
ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը նշեց, որ չափազանց ուրախ է տվյալ կարևոր ծրագրի մեկնարկի առթիվ, քանի որ դրա միջոցով շարունակվելու է այն աշխատանքը, որն ամերիկյան կողմը սկսել է ՀՀ ՆԳ նախարարության և Ոստիկանության հետ։
«Ինչպես ցանկացած կառույցում, հաստատությունում, այնպես էլ Ոստիկանությունում աշխատանքի որակյալ իրականացումը կապված է արհեստավարժ մարդկանց ներգրավելու կարողության, համապատասխան հմտությունների առկայության, ունակությունների կատարելագործման և իհարկե համակարգում այդ մարդկանց պահելու կարողության հետ։ Այս ծրագիրն իրականացնելիս մենք աջակցելու ենք ՀՀ ՆԳ նախարարությանն՝ առկա ընթացակարգերի և քաղաքականության բարելավման գործընթացում, որի նպատակն է արհեստավարժ կադրեր ունենալն ու նրանց համակարգում պահելը, ինչպես նաև կոռուպցիայի նվազեցումն ու Ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բարձրացումը», -ասա դիվանագետը։
Դեսպանի խոսքով՝ ամերիկյան կողմը ողջունում է այն հանգամանքը, որ ՆԳ նախարարությունը հանձն է առել բարեփոխումների իրականացումն ու ՀՀ բնակչության անվտանգության ապահովումը։ Ըստ նրա՝ այդ հանձնառությունը նաև ծրագիրն արդյունավետորեն իրականացնելու գրավականն է։ Ամերիկյան կողմն օգնելու է ավելի ներառական և հաշվետու կառույց ունենալ՝ ի դեմս ՀՀ ՆԳ նախարարության և Ոստիկանության։
«Զուտ մարդկային ռեսուրսների կառավարման տեսանկյունից կարող եմ ասել, որ չափազանց կարևոր է հաջողության հասնելու ձգտումը։ Որպեսզի մշակված քաղաքականության միջոցով ձևավորվի այնպիսի ռեսուրս, որը հնարավոր է պահպանել, անհրաժեշտ է նվազեցնել կոռուպցիան, բարձրացնել կատարողականությունը, ստեղծել համապատասխան աշխատանքային պայմաններ և մթնոլորտ՝ ավելի գրավիչ դարձնելով պետական ծառայությունն ու հատկապես Ոստիկանությունում ծառայությունը։ ՀՀ ՆԳ նախարարությունը շարունակաբար ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձը, որպեսզի կարողանա ընդլայնել նաև կին ոստիկանների դերն այդ կառույցում, ինչը մենք ԱՄՆ-ում նույնպես անում ենք հետևողականորեն։ ԱՄՆ-ի դեսպանատան համագործակցությունը ՀՀ ՆԳՆ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և մի շարք այլ գործընկերների հետ նման նախաձեռնությունների շրջանակում կշարունակվի։ Դա գերազանց ապացույց է Միացյալ Նահանգների հանձնառության, որի նպատակն է աջակցել ուժեղ և բարգավաճ Հայաստանի կերտմանն՝ ավելի լավ ապագա ունենալու նպատակով»,- ասաց ԱՄՆ-ի դեսպանը։
ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որ տվյալ ծրագիրն իրականում ապահովում է արդյունավետ համագործակցության ավելի բարձր մակարդակ ՆԳՆ-ում և Ոստիկանությունում։
«Ծրագիրն արդեն իսկ մեկնարկում է բավականին դրական փոխգործակցության հիմքի վրա, որի շրջանակում բոլոր գործընկերները միտված են ՀՀ Ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումների իրականացմանը, նորաստեղծ ՆԳՆ-ի հետագա կատարելագործմանը։ Բավականին արդյունավետ աշխատանք արդեն արվել է, ինչն ապացուցվում է վիճակագրական ցուցանիշներով։ Ծրագիրը կշարունակի կատարելագործել կարողություններն ու հմտությունները ՆԳՆ-ում։ Մարդկային ռեսուրսների կառավարման միտումները մի փոքր տարբերվում են նախկին դրսևորումներից այն առումով, որ ժամանակակից կառավարումը մեծապես հիմնված է տվյալների, ալգորիթմների, վերլուծությունների վրա։ Օգտագործվում է նաև արհեստական բանականությունը։ Տեխնոլոգիաների զարգացումը մեզ թույլ է տալիս տվյալ գործընթացում ընդգրկել նաև վարքագծի կանխատեսումներ»,-ասաց Նացվլիշվիլին
Նրա դիտարկմամբ՝ մյուս կարևոր նպատակը համայնքակենտրոն ոստիկանության ձևավորումն է՝ խորհրդակցական կարողություններով։ ՀՀ-ում կարևոր նշանակություն է տրվում վեճերի հանգուցալուծմանը, մատչելի հաղորդակցությանը, որպեսզի այդ կառույցը ներդաշնակորեն աշխատի հասարակության հետ՝ իր առաջադրանքները կատարելով առավելագույն արդյունավետությամբ։ Նացվլիշվիլին նույնպես կարևորեց կանանց ներգրավման ընդլայնումը Ոստիկանությունում և հույս հայտնեց, որ կարճ ժամանակ անց կարող են արդեն հրապարակել հաջողված համագործակցության արդյունքները։
ՀՀ ներքին գործերի նախարարությունն իրականացնում է բարեփոխումներ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում՝ կոմպետենտ անձնակազմի ներգրավման և կադրերի պահպանման, կոռուպցիայի նվազեցման և Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով։ Ծրագրի տեսլականը ներառում է ՆԳՆ արդյունավետության, անձնակազմի զարգացման և բարձրակարգ մասնագետների կառավարման կարողությունների բարձրացումը։ Ծրագրի առանցքային ոլորտներն են Իրավունքի գերակայությունը, մարդկային ռեսուրսների կառավարումը, գենդերային հավասարությունը, քաղաքականության իրավական շրջանակները, ծառայությունների արդյունավետ մատուցումը։ Ծրագրի գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն ու ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության միջազգային գրասենյակը։ Ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարում և ավարտվելու է 2026 թվականի հուլիսի 23-ին։ Ծրագրի արժեքը կազմում է 1 500 000 ԱՄՆ դոլար։
Մանվել Մարգարյան