Հայաստանն ինստիտուցիոնալ է դարձնում Եվրաջասթի հետ համագործակցությունը. ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Լադիսլավ Համրանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:

Հանդիպմանը մասնակցել են Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, այլք:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է Եվրաջասթի նախագահին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և նշել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երկրորդ հանդիպումը վկայում է երկու գերատեսչությունների միջև արդյունավետ աշխատանքի և հետագա փոխգործակցությունը զարգացնելու պատրաստակամության մասին: Այս համատեքստում հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից: Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն: 

«Սա մեր հերթական քայլն է դեպի Եվրոպական միություն: Վստահ եմ, որ համաձայնագիրը կնպաստի Եվրաջասթի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների միջև համագործակցությանը՝ կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման և մի շարք այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանն ու հավելել, որ այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությունը Հայաստանին մեկ քայլով կմոտեցնի Համաձայնագրի դրույթների լիարժեք իրականացմանը:

Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին ջերմ ընդունելության համար և նշել. «Այսօր ստորագրվող Աշխատանքային պայմանավորվածությամբ Հայաստանին կտրվեն Եվրաջասթ մուտք գործելու «բանալիները»: Հայաստանը, որը մեր արժեքավոր գործընկերն է, Եվրաջասթին միանալու այս քայլով աշխարհին փոխանցում է շատ կարևոր հաղորդագրություն՝ ցույց տալով, որ հավատարիմ է օրենքի գերակայության սկզբունքներին»: 

Աննա Վարդապետյանը համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում բարձր է գնահատել Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և շնորհակալություն հայտնել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

ՌԴ-ի և ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունները քննարկում են դիզելային վառելիքի մատակարարումների պայմանագրերը

Համաշխարհային օպերային աստղերը՝ Երևանում. Գեղամ Գրիգորյանի հոբելյանը համախմբել է Պլասիդո Դոմինգոյին, Հասմիկ Գրիգորյանին և այլ հայտնիների