ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Երևան կլասիկ ֆեստ»-ի շրջանակում սեպտեմբերի 24-ին ժամը 20:00-ին Թումանյանի անվան զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ.
«Սեպտեմբերի 24-ին Թումանյանի անվան զբոսայգում ժամը 20:00-ին երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կրկին սիմֆոնիկ տրամադրություն է սպասվում՝ այս անգամ Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախմբի ձեռագրով»:
Մշակութային նախագծի մեկնարկը տվել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարութամբ։
Հաջորդող երկու օրերին հանդիսատեսին ներկայացավ Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ:
Համերգի չորրորդ օրն էլ բեմը Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախմբինն ու երգչախմբինն էր: