Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատուրյանի ուղերձը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձը: Մեր երիտասարդ հանրապետությունն անցած երեք տասնամյակների ընթացքում հաղթահարեց ծանր փորձություններ՝ երբեմն նաև անասելի ջանքով, որովհետև նորանկախ պետականությունը գրեթե միաժամանակ հարկադրված էր բախվել պատերազմի, տնտեսական ճգնաժամի, պետական կառավարման համակարգի արմատական վերափոխումների մարտահրավերներին:

Բայց մենք կարողացանք որպես ժողովուրդ, որպես պետություն, ամրանալ ու ոտքի կանգնել՝ ունենալով նաև անդառնալի ու ծանր կորուստներ, գտնելով ելքեր՝ անելանելի թվացող իրավիճակներից: Կարողացանք, որովհետև 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր քաղաքացիները կատարեցին իրենց գիտակցված քայլը ազատ, անկախ ու ինքնիշխան պետություն ունենալու ճանապարհին:

Սիրելի ժողովուրդ,

Բոլորիս համար անկախությունը ոչ թե բարեհունչ գաղափար կամ ինքնանպատակ է, այլ շարունակական շարժում, պայքար սեփական կամքով մեր ճակատագիրը կերտելու, մեր հայրենիքի ու պետության ձևն ու բնույթը ինքնուրույն որոշելու համար, որի վերջնական նպատակը ազատ, պատասխանատու, անընդհատ զարգացող և արարող մարդն ու քաղաքացին է:

Ազատությունն ինչպես քաղաքացու այնպես էլ պետության համար մտքի և բովանդակություն վիճակ է, ամենաօրյա անդուլ աշխատանք, հոգատարություն, նվիրումի բերկրանք, հաղթանակի ուրախություն և կորստի ցավ, և այս ամեն հանրագումարում պատասխանատվության բարձրագույն գիտակցում:

Այսօր, ինչպես և 33 տարի առաջ, մեր պետության առաջ կանգնած մարտահրավերները նվազ չեն, բայց անցած տասնամյակները վկայում են նաև, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ: Լիահույս եմ նաև, որ հանուն մեր ներկայի ու վաղվա օրվա, հանուն մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի և ի բարօրություն Հայաստանի Հանրապետության՝ հաստատակամ ենք աշխարհի պետությունների շարքում մեր ուրույն տեղն ունենալու որոշման մեջ: Վստահ եմ, որ մեր քաղաքացիների հավաքական ջանքով կկերտվի մեր երազանքների Հայաստանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 33-ամյակի կապակցությամբ»։

 

Հայերեն English

Թեհրանը Սաուդյան Արաբիայից և հութիներից պատասխան չի ստացել միջնորդության առաջարկի վերաբերյալ

ՆԳՆ ոստիկանության կողմից 2025-2026 թվականներին երկու տասնյակից ավելի սպանության նախապատրաստության դեպք է բացահայտվել

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

ՊԵԿ-ը պարզաբանել է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի հայտնաբերման դեպքի հանգամանքները

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Պլուտոնը, կյանքի որոնումները Տիեզերքում ու անհայտը բացահայտելու մարդկության անհագ ձգտումը. հարցազրույց ինժեներ Ալան Սթերնի հետ

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում