Մշակույթ

Սիբիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը համատեղ երգով հորդորում են բարությամբ հաղթել չարին

2 րոպեի ընթերցում

Սիբիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը համատեղ երգով հորդորում են բարությամբ հաղթել չարին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որը միշտ պահպանում է կապը Հայաստանի երկրպագուների հետ, «Հրանտ Դինք» մանկական երգչախմբի հետ համագործակցությամբ երաժշտասերների դատին է հանձնել «Բարի լույս» ստեղծագործությունը։ Երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիբիլն ու «Հրանտ Դինք» մանկական երգչախումբը (կազմված է հայաստանցի աշակերտներից) հանդես են գալիս «Մաղթենք բարի լույս, թող բարին հաղթի» կարգախոսով։  

«Մայր բնությունն այնքան գեղեցիկ գույներ ու բույրեր է պարգևել մարդուն՝ գետի շառաչը, երփներանգ ծաղիկների բուրմունքը, անտառի մեղմ խշշոցը, կապույտ երկինքը, սակայն մարդկությունը, տեղի տալով իր եսասիրությանը, կարծես նահանջել է իր կոչումից՝ տեսնել ու վայելել բնության հրաշքները, ձուլվել նրան, դառնալ նրա մի մասնիկը, ինչպես որ նախատեսել էր Արարիչը։ Ինքնասիրության պատճառով աշխարհի չորս կողմերում բռնկված բոլոր պատերազմները մերժում ենք «Բարի լույս»-ով, որովհետև ամեն մի բարի լույս օրհնանք ու լավատեսություն է, հույս է հաշտություն աղերսող մանուկների համար»,-ասվում է հաղորդագրության տեքստում։

Երգը գրվել է Համո Սահյանի բանաստեղծության հիման վրա։ Երաժշտությունը Հրանդ Ճիզմէճեանինն է, գործիքավորողը Մաժակ Թոշիկյանն է, ռեժիսորներն են Հարություն Գևորգյանն ու Սայաթ Դաղլըյանը։

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում