Հայաստան

Հայաստանում ՄԻՊ-ի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում. ENNHRI-ն զեկույց է հրապարակել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ՄԻՊ-ի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում. ENNHRI-ն զեկույց է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:

Զեկույցը, մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի անդամ հաստատությունները:

Անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է ինչպես իրականացված աշխատանքները կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության, խտրականության դեմ պայքարի և մի շարք այլ ուղղություններով, այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:

Այսպես, զեկույցի «Մարդու իրավունքների հաստատությունների գործունեության նպաստավոր և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի այն անդամ հաստատությունները, որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Վերջիններիս շարքում, Բելգիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Լատվիայի, Մոլդովայի և Սլովակիայի հաստատությունների հետ միասին, մատնանշվել է նաև Հայաստանի ՄԻՊ հաստատությունը։

Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում:

Այս համատեքստում ՄԻՊ-ից հիշեցնում են, որ ավելի վաղ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը լուրջ մտահոգություն էր հայտնել և հայտարարություն հրապարակել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, նրա ղեկավար կազմի և աշխատակազմի վերաբերյալ, ովքեր բախվել են քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող գործունեության պատճառով:

Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցը վերահաստատել էր իր աջակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին՝ Հայաստանում մարդու բոլոր իրավունքները խթանելու և պաշտպանելու իր աշխատանքում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում