Հայաստան

«Հնարավորությունների տոնավաճառը» ոչ միայն իրազեկման գործիք է, այլև միտված է ապագային. ԵՊՀ պրոռեկտոր

7 րոպեի ընթերցում

«Հնարավորությունների տոնավաճառը» ոչ միայն իրազեկման գործիք է, այլև միտված է ապագային. ԵՊՀ պրոռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա մեկնարկին և առաջին կուրսեցիների ընդունելությանը նվիրված «Հնարավորությունների տոնավաճառ» միջոցառումը, որի ընթացքում ԵՊՀ արտաուսումնական ստորաբաժանումներն առաջին կուրսեցիներին պատմեցին իրենց գործունեության և իրականացվող ծրագրերի մասին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ-ի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ թեև միջոցառումն առաջին հերթին նախատեսված է առաջին կուրսեցիների համար, սակայն ընդհանուր առմամբ վերաբերում է բոլոր ուսանողներին, որովհետև հիմնական նպատակը ԵՊՀ-ի անցուդարձի և հնարավորությունների մասին իրազեկելն է։   

«Մենք այս գործընթացն իրականացնում ենք մի քանի փուլով։ Ակնհայտ է, որ մեկ օրում հնարավոր չէ ամեն ինչի մասին պատմել, հետևաբար կատարեցինք նպատակային բաժանում։ Օգոստոսի վերջին, երկու շաբաթվա ընթացքում, մեր ուսանողական կառույցներն ու ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը իրականացրին ուսանողների իրազեկման մի շարք միջոցառումներ, որոնց շրջանակում նրանց ծանոթացրին ուսումնական պրոցեսին, իրենց իրավունքներին ու պարտականություններին, նաև ուսանողական մարմինների ինքնակառավարման ու ինքնակազմակերպման եղանակներին։ Դրանից հետո, սեպտեմբերի 2-ին ուսումնական ստորաբաժանումները՝ ֆակուլտետները, կազմակերպեցին իրենց ընդունելությունը և արդեն այստեղ նպատակն ավելի շատ ուսումնական պրոցեսին, մասնագիտությանը, կրթական ծրագրին ու ոլորտին առնչվող բոլոր կազմակերպչական հարցերին ծանոթացնել էր»,- պարզաբանեց ԵՊՀ պրոռեկտորը։

Հովհաննիսյանը հավելեց, որ այսօր կայացած միջոցառումը փաստորեն եզրափակիչ երրորդ փուլն է, որը պատմում է ուսանողներին բոլոր այն հնարավորությունների մասին, որոնք կան ֆակուլտետից, լսարանից դուրս։

«Այսինքն՝ այստեղ մենք ունենք շատ լայն ընդգրկելիություն՝ սկսած միջազգային համագործակցության հնարավորություններից, վերջացրած Մշակույթի կենտրոնի գործունեությամբ, գրադարանով, ԵՊՀ-ի պատմության թանգարանով, Կարիերայի կենտրոնով։ Բոլոր այն հնարավորությունները, որ ԵՊՀ-ն շարունակաբար ստեղծում է ուսանողների համար և այն բոլոր ծառայությունները, որ մայր բուհն իր ուսանողներին մատուցում է նաև իր պատերից դուրս, այստեղ ներկայացված են։ Փորձել ենք այնպես անել, որ այս միջոցառումը լինի առավելագույն չափով ինտերակտիվ, լինեն խաղեր, վիկտորինաներ, և ուսանողները հնարավորություն ունենան շատ ավելի անմիջական կերպով ծանոթանալ այս գործընթացին»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ փորձ է արվում նաև ներկայացնել տեխնիկական կարևոր տեղեկատվություն, ինչը հուզում և հետաքրքրում է ուսանողներին՝ սկսած ուսման վարձերից, վերջացրած տեղափոխումներին, ուսումնական պրոցեսին վերաբերող որոշակի տեխնիկական կարևոր հարցերով։ 

«Արել ենք այնպես, որ մեր բոլոր ստորաբաժանումները լինեն առավելագույն չափով ներկայացված, որոնք ծառայություններ են մատուցում ուսանողներին՝ չլինելով ֆակուլտետի մաս կամ կրթական ծառայություն մատուցող որևէ ստորաբաժանում։ Այս ձևաչափով միջոցառում անցկացնում ենք երկրորդ տարին անընդմեջ։ Նախորդ տարվա միջոցառումը կրում էր «105-րդ տարվա բարևը» անվանումը և նվիրված էր ԵՊՀ-ի հիմնադրման հոբելյանին։ Այս տարի որոշակի շտկումներով և փոփոխություններով փորձում ենք ավելի շատ բան ներկայացնել, ավելի շատ բան պատմել և ավելի շատ բան իրազեկել ուսանողներին նախապես, որպեսզի նրանք տեղյակ լինեն միջոցառման մասին ու մասնակցեն։ Հույս ունենք, որ միջոցառումը կդառնա շարունակական, բայց նաև ընթացքում մտածում ենք, թե էլ ինչ հավելյալ իրազեկման ձևեր ու հնարավորություններ կարող ենք օգտագործել՝ ուսանողներին մաքսիմալ շատ ու ինտենսիվ տեղեկատվություն հաղորդելու համար»,- մանրամասնեց ԵՊՀ պրոռեկտորը։

Հովհաննիսյանի խոսքով՝ հաջորդ տարի նախատեսվում է նաև սեմինարի անցկացում, որն ավելի ներածական կլինի ուսումնական գործընթացին և ուսանողներին կհասցնի պատրաստվածության այն մակարդակին, ինչը նրանց կօգնի ավելի հեշտ ինտեգրվել ուսումնական գործընթացին, կպատմի ակադեմիական, թվային գրագիտության և այլ կարևոր հարցերի մասին։  

«Մեզ համար առաջնահերթություն է նաև, որ մեր շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքի և հմտությունների օգտագործմամբ՝ կարողանան ինքնադրսևորվել ընտրած մասնագիտության մեջ և աշխատաշուկայում գտնեն պատշաճ ինքնիրացման հնարավորություն։ Դա հնարավոր չէ իրականացնել առանց գործատուների, տնտեսվարողների ու արտաքին բոլոր գործընկերների հետ կապի, որոնք մեր շրջանավարտների պոտենցիալ գործատուներն են։ Ուսանողների մուտքն աշխատաշուկա նախաձեռնում ենք նախքան բուհն ավարտելը։ Մեր Կարիերայի կենտրոնն ու նաև ուսումնական վարչության պրակտիկայի բաժինը ստեղծում են հնարավորություններ, որպեսզի ուսանողներն ուսումնառության ընթացքում պրակտիկ գիտելիք ստանան՝ աշխատելով այն ոլորտներում, որոնք վերաբերում են իրենց մասնագիտությանը»,- նշեց մեր զրուցակիցը։     

Հովհաննիսյանի հավաստմամբ՝ ԵՊՀ-ն աշխատում է մեծ թվով գործընկերների հետ, որոնք ներկայացնում են բանկային, ՏՏ, հանքարդյունաբերական, քիմիական և այլ բնագավառները, ինչպես նաև պետական գերատեսչությունները։ 

«Համալսարանն իհարկե գործադրում է ջանքեր՝ այդ շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, ավելի լավացնելու հաղորդակցությունն ու ավելի խորացնելու համագործակցությունը։ Դա չդադարող պրոցես է, որովհետև աշխատաշուկան անընդհատ զարգանում է։ Հիմա մեր նոր ռազմավարության մշակման փուլում ենք, որի շրջանակում նախատեսում ենք աշխատաշուկայի պարբերական և համակարգային հետազոտություններ իրականացնել՝ օգտագործելով ԵՊՀ-ի մասնագիտական ներուժը, ինչը մեզ հնարավորություն կտա ավելի ճիշտ արձագանքել աշխատաշուկայի պահանջներին մեր կրթական ծրագրերի բովանդակությամբ ու դասավանդման մեթոդաբանությամբ։ Սա երկարաժամկետ ու մնայուն գործընթաց է»,- եզրափակեց ԵՊՀ պրոռեկտորը։ 

Մանվել Մարգարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում