Հայաստան

Ավելի քան 10 տարի անց Հայաստան վերադարձած Միշա Ազնավուրը երկրում ակնհայտ զարգացում է տեսնում

2 րոպեի ընթերցում

Ավելի քան 10 տարի անց Հայաստան վերադարձած Միշա Ազնավուրը երկրում ակնհայտ զարգացում է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, շանսոնիեի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ժամանել է Հայաստան․ Միշա Ազնավուրը վերջին անգամ Հայաստանում եղել էր ավելի քան 10 տարի առաջ: Նա կարծում է, որ Հայաստանը բոլոր ոլորտներում ակնհայտ զարգացում է ապրել: 

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ցուցադրվեց «Ազնավուրը Շառլի հայացքով» ֆիլմը, որի պրոդյուսերը հենց Միշա Ազնավուրն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել և արդեն ընթացքում էին, երբ Շառլ Ազնավուրը մահացավ, բայց  ֆիլմն ամբողջապես ստեղծվել է նրա մահից հետո և դրա պատճառով շատ հուզիչ ու էմոցիոնալ է ստացվել: 

Անդրադառնալով հարցին, թե ֆիլմը շարունակություն կունենա՞,  Միշա Ազնավուրը  նշեց, որ շատ-շատ նյութեր կան, բայց որպեսզի դրանցից լիարժեք ֆիլմ ստացվի, շատ ժամանակ պետք կլինի:

«Այն մոնտաժային մեծ աշխատանք է պահանջում: Շատ բարդ է նման որակի գեղեցիկ ֆիլմ ստեղծելը,  այնպես որ առայժմ հեռանկարում  ֆիլմի երկրորդ մասի ստեղծման  որոշում չկա»,- ասաց նա: 

Միշա Ազնավուրն ընդգծեց՝  իր համար շատ կարևոր էր «Ազնավուրը Շառլի հայացքով» ֆիլմը Հայաստանում ցուցադրելը:  

Հարցին, թե  արդյոք առաջիկայում Հայաստան տեղափոխվելու պլաններ կա՞ն, Միշա Ազնավուրը պատասխանեց, որ նման պլաններ դեռևս չունի և հավելեց, որ այդ քայլը իր վրա է վերցրել Նիկոլա Ազնավուրը: 

«Նիկոլա Ազնավուրը որոշեց  տեղափոխվել Հայաստան և  ստեղծել «Ազնավուր» հիմնադրամը, իսկ ես կփորձեմ բոլոր հարցերով մշտապես  աջակցել և օգտակար լինել հիմնադրամին և Հայաստանին»,-ասաց նա:

Միշա Ազնավուրը խոստովանեց՝ Հայաստանը լավ չի ճանաչում և դժվարացավ նշել, թե ինչն է այստեղ առավել շատ սիրում, բայց միանշանակ ընդգծեց՝ Հայաստանում բնությունը հիասքանչ է ու շատ գեղեցիկ:

Գայանե Գաբոյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում