Երևանում քննարկում է կայացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարման գնահատման թեմայով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Կարեն Գիլոյանն ընդունել են Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալին: Նա Հայաստան է ժամանել՝ գնահատելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարումը, ինչպես նաև ՀՀ-ում միջգերատեսչական համագործակցության ուժեղացմանը միտված ծրագրի իրականացման արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հանդիպումներին ներկա է եղել նաև Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում նշվել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակում Հայաստանի հակադոպինգային գործակալությունը պատրաստել և Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի փորձաքննությանն է ներկայացրել 40 րոպե տևողությամբ կրթական ֆիլմ՝ նվիրված դոպինգի պատմությանն ու արգելված նյութերի վնասակար հատկություններին:  Ուսումնական նյութը ցուցադրվել է Երևանի Տ. Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի աշակերտներին,  թեմայի շրջանակում կազմակերպվել է հարցուպատասխան: Ուսումնական տարվա ընթացքում իրազեկման բարձրացման նպատակով աշխատանքներ կիրականացվեն նաև հանրակրթական այլ դպրոցներում, ինչպես նաև մարզադպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մասնավորապես, կարևորել է հակադոպինգային կրթությունը և այս ուղղությամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ փոխանակման ծրագրերի իրականացումը: Պատրիկ Տրաբալը ներկայացրել է նաև Փարիզի Նանտեր համալսարանում հակադոպինգային կրթության և համապատասխան մասնագետների պատրաստմանն ուղղված մագիստրոսական տարբեր ծրագրերը՝ առաջարկելով դրանցում դիտարկել հայ ուսանողների ներգրավվածության հնարավորությունը:

Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի խոսքով՝ համագործակցության մյուս կարևոր ուղղություններից է զարգացնել ազգային հակադոպինգային ծրագիրը մինչև 2027 թվականը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերը պատշաճ սպասարկելու համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված Հակադոպինգային կոնվենցիայի պահանջների կատարմանը և  ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մաքուր սպորտի կողմնակից է: 

«Իրավիճակը կանխատեսելի և վերահսկելի է: Մտադիր ենք ավելացնել բյուջեն՝ դոպինգ թեստերի քանակն ավելացնելու և տեղական հաճախակի ստուգումներով վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ ՀՀ-ում մասսայական սպորտի և առողջ ապրելակերպի խթանման նպատակով 5 մարզաձևից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարեր, որոնց շրջանակում ևս Հայաստանի հակադոպինգային գործակալության հետ համատեղ իրականացվում են դոպինգ ստուգումներ:

Փարիզի Նանտեր համալսարանի պրոֆեսոր Պատրիկ Տրաբալը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ողջունել դոպինգի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամությունը և ազգային հակադոպինգային գործակալության անկախ գործունեությունը՝ փաստելով, որ հայ մարզիկների մոտ վերջին տարիներին դոպինգի հետ կապված խնդիրներ չեն արձանագրվել:  

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայերեն Русский

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները

ՔԿ նախագահը մի շարք ընկերությունների կապարակնքումները բացատրել է ապացույցների պահպանման և գույքագրման անհրաժեշտությամբ