Եվրոպա

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին Հունգարիայում ամառային ճամբար ուղարկելու ծրագիրը կկրի շարունակական բնույթ

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին Հունգարիայում ամառային ճամբար ուղարկելու ծրագիրը կկրի շարունակական բնույթ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նարեկ Մկրտչյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Հանդիպում եմ ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության ապահովման գործընթացներին, ոլորտային ռազմավարություններին, խոցելի խմբերին մատուցվող ծառայություններին, սոցիալական արդարության ապահովման կարևորությանը։

Քննարկել ենք նաև ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումները, իրականացված ու ընթացիկ ծրագրերը՝ այս համատեքստում շեշտելով նաև Հունգարիայի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության կարևորությունն ու դրա շարունակականության ապահովման պատրաստակամությունը։

Անդրադարձել ենք նաև օգոստոսին երկու երկրների համագործակցությամբ իրականացված նախաձեռնություններից մեկին, որի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: 

Ընդգծել ենք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն նոր փորձառություն ու լավ ժամանց են հաղորդում երեխաներին, այլև էապես նպաստում նրանց հուզական և հոգեբանական ապաքինմանը: Նախատեսվում է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ՝ ճամբար մեկնելու հնարավորություն տալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 1000 երեխայի»,- գրել է նախարարը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում