Մշակույթ

Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ

3 րոպեի ընթերցում

Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր քանդակագործ, նկարիչ Երվանդ Քոչարի 125 և աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյաններին նվիրված «Սրճարաններում» ցուցահանդեսը մեկ հարկի տակ էր համախմբել երկու մեծերի հարազատներին, արվեստագետների և արվեստասերների։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երվանդ Քոչարի թանգարանի վերափոխված միջավայրում կազմակերպված ցուցադրությունը ներկայացնում է Քոչարի սրճարանային թեմաներով բնօրինակ ստեղծագործություններ։ Այն ուղեկցվում է Ազնավուրի երգերով, երաժշտությամբ, ցիտատներով, անիմացիաներով և այլ նորատիպ էֆեկտներով: 

Թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ Ազնավուրի հոր՝ Միշել Ազնավուրի և Քոչարի միջև առնչություններ են եղել՝ թանգարանը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, որը հավանության են արժանացրել ՀՀ կառավարությունն ու «Ազնավուր» հիմնադրամը:

«Ազգային մշակույթի հեղինակությունը պայմանավորում են այն մարդիկ, որոնց հոգու և գաղափարախոսության շնորհիվ հարստանում է մարդկության և քաղաքակրթության գանձարանը: Ազնավուրն ու Քոչարն այն մեծություններն են, որոնցով կարող է հպարտանալ յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգ: Հայ ժողովուրդն իր երկու հանճարեղ զավակների կայացման համար անվերապահորեն պարտական է Ֆրանսիային, քանի որ և՛ Քոչարը, և՛ Ազնավուրը ապրել, ստեղծագործել են Ֆրանսիայում: Ֆրանսիացի ժողովուրդն էլ պարտական է հայ ժողովրդին ֆրանսիական արվեստում այս երկու արվեստագետների ահռելի ավանդի և ներդրման համար»,-շեշտեց Կարինե Քոչարը:

Նա նշեց, որ որոշ նյութեր հաշվի առնելով՝ եկել են այն եզրակացության, որ Երվանդ Քոչարը ձևավորել է Ազնավուրների ընտանիքին պատկանող «Կովկաս» ռեստորանի ցուցանակը: «Երբ մշակում էինք ցուցահանդեսի ձևաչափը, Ֆրանսիայի ազգային գրադարանում գտանք մի թռուցիկ, որը, ըստ մեր պատկերացումների, ձևավորել է Քոչարը, որովհետև այն տարեթվով, ձեռագրով համահունչ է Քոչարի ստեղծագործություններին: Կարծում ենք, որ մեծագույն գեղագետների՝ Ազնավուրի հրաշալի պոեզիան, երաժշտությունը և Քոչարի ստեղծագործությունները պետք է լուսավորեն ու զմայլեն մեր մտքերը, հոգիները»,-եզրափակեց Կարինե Քոչարը:

Բացմանը տեղի ունեցավ նաև «Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է մեծ շանսոնյեի երգեր դարձած բանաստեղծությունների ընտրանի՝ ձևավորված Երվանդ Քոչարի՝ դրանց համահունչ ստեղծագործությունների վերատպություններով: 

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՀՀ կառավարության աջակցությամբ արվեստագետներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում