Իրավունք

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդանի ՋԷԿ-ի տարածքի ապօրինի շահագործված օբյեկտին երկու բացասական եզրակացություն է տրամադրել

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդանի ՋԷԿ-ի տարածքի ապօրինի շահագործված օբյեկտին երկու բացասական եզրակացություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը մարտի 11-ին դիմել է  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ Հրազդանի Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տեսչական մարմնից, կառույցի մասնագետների կողմից ապրիլի 8-ին օբյեկտում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել է, որ առկա են տեխնիկական  և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ. վերակառուցված օբյեկտը, հանդիսանալով արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), ստուգման պահին գրանցված չի եղել ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից վարվող արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում,  չի անցել ամենամյա փորձաքննություն և  չի ունեցել շահագործման դրական փորձագիտական եզրակացություն, ինչպես նաև  օբյեկտում բացակայել են հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը, հակահրդեհային  ներքին ջրացանցը, հրդեհաշիջման սկզբնական միջոցները։

«Հաշվի առնելով արձանագրված թերությունները՝ Տեսչական մարմնի կողմից 08․04․2024 թվականին տրվել է նշված օբյեկտի շինարարական աշխատանքների ավարտի փաստագրման մերժման եզրակացություն։

Այնուհետև՝ 15․05․2024 թ․ ընկերությունը դիմել է Տեսչական մարմին՝  նախկինում արձանագրված թերությունները վերացնելու հիմքով օբյեկտում կրկին ուսումնասիրություններ իրականացնելու և շինարարական աշխատանքների ավարտը փաստագրելու խնդրանքով։ 

Արդյունքում՝ օբյեկտում իրականացված կրկնակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները ընկերության կողմից չեն վերացվել, որոնց հիմքով Տեսչական մարմնի կողմից կրկին տրվել է օբյեկտի շահագործման  մերժման եզրակացություն։

Ստեղծված իրավիճակում հարկ է նկատել, որ Տեսչական մարմնի կողմից արձանագրված խախտումների համադրության արդյունքում նշված օբյեկտն անվտանգ չէր և փաստացի չէր կարող շահագործվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան  փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել  դրանց շահագործումը։

Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ հինգ մարդ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում