Բայդենը վետո կդնի կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ հանրապետականների առաջարկի վրա
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վերաբերյալ հանրապետականների առաջարկի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տունը։
Բայդենի վարչակազմի հայտարարության համաձայն` Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնի կողմից ներկայացված առաջարկը բավարար չի լինի կառավարական հաստատությունները ֆինանսավորելու համար և կարող է «լուրջ խափանումների հանգեցնել մի քանի կարևորագույն պետական ծառայությունների աշխատանքում»:
Սպիտակ տունն այն կարծիքին է, որ հանրապետականների պլանը «հատկապես անպատասխանատու է ազգային անվտանգության հարցերում»: Ինչպես նշել են նախագահի վարչակազմում, դրա ընդունումը կխաթարի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական առավելությունը, «կնվազեցնի մարտական պատրաստվածությունը և չի կարողանա ապահովել մեր զորքերին արժանի աջակցությունը»։
«Վարչակազմը կոչ է անում Ներկայացուցիչների պալատի հանրապետականներին մասնակցել երկկուսակցական գործընթացին, որը թույլ կտա պահպանել կառավարության թափանցիկությունը և տարերային աղետների դեպքում ապահովել այդքան անհրաժեշտ ֆինանսավորումը», - ասվում է հայտարարության մեջ:
«Եթե նախագահին ներկայացվի H.R. 94 օրինագիծը, նա վետո կդնի դրա վրա»,- խոստացել են նախագահի աշխատակազմում։
Կոնգրեսն այս շաբաթ վերադառնում է աշխատանքի և ակնկալում է ԱՄՆ վարչակազմի ֆինանսավորման վերաբերյալ բանաձևն ընդունել մինչև մարտն ընկած ժամանակաշրջանում: