Քաղաքականություն

ՀՀ փոխվարչապետը հայտարարեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը հայտարարեց Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 9-ին ազդարարեց Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ համատեղ հայտարարության ընթացքում։

«Հայաստանը մեծապես կարևորում է մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ միաժամանակ գիտակցելով, որ վերջնանպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական և հասցեական աշխատանք։ Մենք այս գործընթացին իրապես վերաբերվում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների ռազմավարական օրակարգ»,-ընդգծեց Գրիգորյանը՝ նշելով, որ ներկայում պաշտոնապես ազդարարվում է մի գործընթացի մեկնարկ, որի արդյունքում հնարավոր կլինի հասնել ԵՄ-ի կողմից մուտքերի արտոնագրերի, վիզաների ռեժիմի ազատականացմանը։

«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետ առաջ շարժվելու երկկողմ օրակարգով նախանշված անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որն ուղղված է Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը»,-հավելեց ՀՀ փոխվարչապետը՝ շնորհավորելով բոլորին ԵՄ մուտքի արտոնագրերի, վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկի կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում