Տնտեսություն

Հայաստանում կանցկացվեն խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովը և «Կոնստանտինուս» մրցանակաբաշխությունը

5 րոպեի ընթերցում

Հայաստանում կանցկացվեն խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովը և «Կոնստանտինուս» մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 7-11-ը տեղի կունենան գործարար խորհրդատվության միջազգային ամենահեղինակավոր CMC համաժողովը և ոլորտի ամենասպասված՝ «Կոնստանտինուս» մրցանակաբաշխությունը:

Միջազգային CMC համաժողովը հայաստանյան խորհրդատվական և գործարար համայնքի նշանակալի իրադարձություններից մեկն է, որը նախաձեռնել է Կառավարման խորհրդատվության Հայաստանի ինստիտուտը (IMC Հայաստան) և 2024 թվականին անց է կացվում Հայաստանում՝ իր հարկի տակ հյուրընկալելով համաշխարհային լավագույն խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների ու հեղինակավոր խոսնակների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2024 թվականին համաժողովը «Թվային հորիզոններ. Միավորելով նորարարությունները կայուն ապագայի համար» խորագրի ներքո անդրադառնալու է ոլորտի մի շարք զարգացումների, այդ թվում՝ խորհրդատվության, թվայնացման, շրջակա միջավայրի, կայունության, բիզնես միջավայրի և մի շարք այլ ուղղություններով։

Համաժողովի շրջանակում Հայաստան կժամանեն ոլորտի առաջատար մասնագետներ ինչպիսիք են ITC-ի Առևտրի կայուն զարգացման բաժնի ղեկավար Ջոզեֆ Վոզնյակը, ամերիկյան McKinsey կորպորացիայի Ցյուրիխի գրասենյակի ներկայացուցիչ Լեոնիդ Կիրակոսյանը, առաջնորդության խորհրդատու Լարս Սուդմանը, Գործարար Դեյվիդ Յանգը և շատ ուրիշներ։ Խոսնակների և թեմաների մասին մանրամասն տեղեկատվությունն առկա է միջոցառման պաշտոնական կայքում։ 

Միջազգային CMC համաժողովը կառավարման խորհրդատուների ամենամյա միջոցառում է, որը նպատակ ունի խթանելու գիտելիքի փոխանակումը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և ստեղծելու մասնագիտական աճի համար բարենպաստ միջավայր ոլորտի մասնագետների և բիզնես էկոհամակարգի համար։ Համաժողովի հարուստ օրակարգը նախատեսված է տարբեր ոլորտների կառավարման խորհրդատուների, բիզնեսի ոլորտով հետաքրքրված ներկայացուցիչների, խորհրդատվական ընկերությունների և բիզնեսի այլ ներկայացուցիչների համար։

Համաժողովը բաղկացած է բազմատեսակ միջոցառումներից՝ ելույթներ, հանդիպումներ, վարպետության դասեր առաջատար դեմքերից, փոխգործակցության հնարավորություններ ոլորտի առաջատար մասնագետների, ընկերությունների և կառույցների հետ։

CMC համաժողովի օրերին հոկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի կունենա «Կոնստանտինուս» միջազգային մրցանակաբաշխությունը, որը համարվում է խորհրդատվական ոլորտի «Օսկարը»։ «Կոնստանտինուսը» մրցանակներ է սահմանել խորհրդատվական ոլորտում նորարար լուծումներ առաջարկող երկրներից և հաղթող են ճանաչվել 9 երկրներից ներկայացված նախագծեր, ընդ որում՝ այս տարի առաջին անգամ կան նաևմասնակից հայկական ընկերություններ ու նախագծեր։

Միջազգային CMC 2024 համաժողովին մասնակցել ցանկացող անհատների և ընկերությունների համար մշակվել են հատուկ ճկուն տարբերակներ, ընդ որում՝ հայ մասնակիցների համար նախատեսված են նաև շահավետ առաջարկներ։ 

Համաժողովի մասին տեղեկատվությունը, գրանցումն ու տոմսերի մասին մանրամասները ևս ներկայացված են կայքում։

CMC 2024 համաժողովի բրենդավորումը հատուկ մշակված է՝ արտացոլելու Հայաստանի՝ որպես համաժողովի հյուրընկալող երկրի ինքնությունը և միջոցառման հիմնական թեման։ Բրենդավորումը կառուցված է հատուկ գույների և խորհրդանիշների շուրջ, որոնք փոխանցում են համաժողովի հիմնական արժեքներն ու առանցքային ոլորտների մասին տեղեկատվություն:

  • Վարդակարմիրի երանգը․ այս գույնը նռան խորհրդանշական գույնն է, որը Հայաստանի խորհրդանիշն է՝ արտահայտելով առատություն և բարգավաճում: Վարդագույն կարմիրի ընտրությունը միջոցառումը կապում է Հայաստանի  հարուստ մշակութային ժառանգության հետ:
  • Մուգ կապույտի երանգը․ այս գույնը խորհրդանշում է թվայնացումը, որը համաժողովի առանցքային ոլորտներից մեկն է: Այն ներկայացնում է թվային փոխակերպման առաջադեմ, բարձր տեխնոլոգիական ոլորտները, որոնք էլ համաժողովը նպատակադրված է ուսումնասիրել:
  • Կանաչի երանգը․ արտացոլելով կայունությունը և շրջակա միջավայրի միտումները՝ համաժողովի քննարկումների միավորող թեմայի խորհրդանիշն է՝ կայուն բիզնես հնարավորություններ և ավելի կանաչ ապագա ու նորարարություններ ստեղծելու համար:

Համաժողովի բրենդավորման հիմնական սիմվոլը մատնահետքն է՝ խորհրդանշում է համաժողովի ազդեցությունը, այն ներկայացնում է այն եզակի և մնայուն «հետքը», որը միջոցառումը նպատակ ունի թողնել թվային փոխակերպման և կայունության ոլորտներում: Մատնահետքը խորհրդանշում է աշխարհում անհատական ​​և առանձնահատուկ հետք թողնելու գաղափարը՝ համաժողովի նպատակին համահունչ՝ կամրջելու նորարարությունները կայուն ապագայի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում