Մշակույթ

Քաղաքը կարդում է. մեկնարկեց երեսունից ավելի միջոցառումներով հագեցած Գրքի երևանյան միջազգային փառատոնը

4 րոպեի ընթերցում

Քաղաքը կարդում է. մեկնարկեց երեսունից ավելի միջոցառումներով հագեցած Գրքի երևանյան միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որ անցկացվում է յոթերորդ անգամ, իր շուրջ է համախմբել գրողների, խմբագիրների, թարգմանիչների, հրատարակիչների և ոլորտի այլ ներկայացուցիչների ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Հանրապետության հրապարակում անցկացվող փառատոնը երեք օր շարունակ գրքի երկրպագուներին հնարավորություն կտա ձեռք բերել նախընտրած գրքերը զեղչված արժեքներով, հանդիպել սիրելի գրողներին, մասնակցել համերգների, ներկայացումների և այլ միջոցառումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի բացմանը, որ տեղի ունեցավ սեպտեմբերի 6-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց՝ Երևանի քաղաքապետարանը երկրորդ անգամ է Գրքի երևանյան միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը։

«Փառատոնը մեզ համար իրապես շատ մեծ նշանակություն ունի։ Մեր  քաղաքին պետք են մարդիկ, որոնք կարդում են, որոնք ընկեր են գրքին։ Հաճախ ընթերցանությունն էականորեն փոխում է վերաբերմունքը շրջակա միջավայրի, շրջապատող մարդկանց նկատմամբ, շատ դեպքերում ընթերցանությունը եսից և իմից մարդուն տանում է դեպի մերը և ընդհանուրը։ Երբ խոսք է գնում Երևանում մի քանի ավտոտնակ քանդելու և փոխարենը խաղահրապարակներ և կանաչ տարածքներ ստեղծելու մասին, այն մարդիկ, որոնք շատ են կարդում, հասկանում են նման ծրագրերի կարևորությունը»,-շեշտեց քաղաքապետը։

Նա հավելեց՝ 2024-ին Երևանի քաղաքապետարանն իրականացրել է գրքի և ընթերցանության հանրահռչակմանը միտված մի շարք ծրագրեր, որոնցից ամենագլխավորը Գրքի երևանյան միջազգային փառատոնն է, որը բոլորին կմտերմացնի թե՛ սիրելի քաղաքին, թե՛ գրքին ու ընթերցանությանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ շեշտեց՝ նախարարությունը ուսումնական տարին մշակութային կրթության տարի է հայտարարել։ «Տարին նման մեծ ու կարևոր գրքային փառատոնով սկսելը հրաշալի ազդակ է երեխաների, պատանիների, առհասարակ հասարակության համար։ Գիրքը գիտելիքների, կրթության, դաստիարակության, մարդու զարգացման և լավ քաղաքացի լինելու էպիկենտրոնն է։ Այս փառատոնը լուրջ փառատոն է դարձել։ Ավելի հեշտ է  մեկնարկել փառատոնը, քան ժամանակի հետ հարատևել ու զարգացում ապրել։ Յոթ տարվա արդյունքում մտադրություն կա հավելվածի միջոցով փառատոնը հասանելի դարձնել նաև ՀՀ մարզերում, նպաստել մասնակիցների թվի աճին»,-ընդգծեց Դանիելյանը։

Ըստ նրա՝ կարդալ ասելով հասկանում ենք երազել, մտածել, երևակայել, պատմություններ պատմել, սավառնել ու մտքի, հոգու թռիչք ապրել, ուստի Գրքի երևանյան միջազգային փառատոնը մեծ ուղերձ ունի մի ամբողջ ոլորտի։

Փառատոնի ընթացքում անցկացվելու է երեսուներկու միջոցառում՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ, բաթլներ և այլ նախաձեռնություններ։  Փառատոնին մասնակցում են տասնյակ գրողներ Հայաստանից և արտերկրից։ Երկրորդ տարին միջազգային կարգավիճակ ստացած փառատոնը հյուրընկալել է մասնակիցների Իտալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, Վրաստանից և Սլովենիայից։ Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում են հրատարակչություններ, գրախանութներ և մշակութային կազմակերպություններ։

Գրքի երևանյան միջազգային փառատոնի տնօրեն Անի Ղազարյանը հավաստիացրեց, որ ոչ մի գիրք պատահական չի հայտնվում մեր կյանքում։ «Յուրաքանչյուր փառատոնի ասում եմ, որ պատահական հանդիպումը մեկ գրքի հետ կարող է  ամբողջովին փոխել Ձեր կյանքը, սակայն ամեն գիրք հայտնվում է այն ժամանակ, երբ պետք է»,-ասաց նա և հորդորեց բոլորին շրջել ցուցահանդես-տոնավաճառում հանդիպել հրաշալի գրքերի հետ և գտնել այն գիրքը, որն այդ փուլում է հարկավոր է։

Փառատոնը, որը կրում է «Քաղաքը կարդում է» խորագիրը, անցկացվում է սեպտեմբերի 6-7-8-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում