Զինծառայող Էդգար Ալեքսանյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
2 րոպեի ընթերցում
![ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/02/iHZK0ap5a0qsZxFnLHTYbmg94d8zWe4pHoiBWnad.webp)
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորմամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն: Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել է հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չեն արձանագրվել։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ, հետաքննության մարմնին տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող տվյալներ ձեռք բերելուն ուղղված հանձնարարություն։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: