Հայաստան

Գիտելիքը միակ բանն է, որ կիսելով չի պակասում․ եթերում է Ուիգմորի կրթական օրակարգը

14 րոպեի ընթերցում

Գիտելիքը միակ բանն է, որ կիսելով չի պակասում․ եթերում է Ուիգմորի կրթական օրակարգը

Կարինե Աբելյան, «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի կրթական և սոցիալական ծրագրերի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը Երևանում բացվեց 2022թ․ դեկտեմբերին՝ մատուցելով երեխաների և կանանց առողջությանն ուղղված բազմապրոֆիլ բուժօգնություն։ Բուժական գործունեությանը զուգահեռ բժշկական կենտրոնն իրականացնում է նաև բազմազան կրթական և սոցիալական ծրագրեր. շենքում մշտապես «եռում» է գիտությունն ու շարունակական կրթությունը:  Մասնագիտությամբ մանկաբույժ Կարինե Աբելյանը ղեկավարում է Ուիգմորի կրթական և սոցիալական ծրագրերի բաժինը․ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ամփոփում է հիվանդանոցի տարբեր ուղղություններ ընդգրկող, հագեցած կրթական օրակարգը։ 

-Տիկին Աբելյան, մասնագիտությամբ մանկաբույժ եք․ ինչպե՞ս է մանկաբույժի Ձեր 20 տարվա փորձն օգնում Ուիգմորի կրթական օրակարգի ձևավորմանն ու իրականացմանը:  

-Իմ կյանքում ստացվեց այնպես, որ, գործող բժիշկ լինելուն զուգահեռ, Եվրոպական առաջադեմ համալսարաններից մեկում հետդիպոլմային մասնագիտացում ստացա գործող մասնագետներին կրթելու որակավորմամբ․ սովորեցի սովորել և սովորեցնել։ 

Զարգացած երկրներում շարունակական մասնագիտական զարգացումը ցանկացած բուժաշխատողի առօրյայի մի մասն է․ բժշկագիտության մեջ ամեն ինչ շատ արագ է փոխվում, ուստի որակյալ ծառայություն մատուցելու համար ձեռքդ անդադար պետք է ոլորտի զարկերակի վրա պահես։ 

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ գործող բուժաշխատողների ուսումնական գործընթացի կազմակերպումը շա՜տ տարբեր է․ այլ է մոտիվացիան, ծրագրերի կառուցվածքն ու մոտեցումները։ 

Ուիգմորի կրթական ծրագրերը ղեկավարելու առաջարկը ճիշտ ժամանակին էր․ արդեն միջազգային կազմակերպություններում մոր և մանկան առողջությանն առնչվող ծրագրերի ղեկավարման, ներդրման և արդյունավետության գնահատման բավական մեծ փորձառություն ունեի, ուստի իսկույն հասկացա, որ Ուիգմորի պրոֆիեսոնալ թիմի հետ համատեղ կրթական ծրագրեր իրականացնելը հենց այն է, ինչով ուզում եմ զբաղվել։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժական գծով փոխտնօրեն, մանկաբույժ, կլինիկական օրդինատուրայի ղեկավար՝ Հրաչուհի Ղազարյան

-Պատմեք, խնդրեմ, Ուիգմորի կրթական օրակարգի մասին, ի՞նչ ուղղություններով եք աշխատում և ինչպե՞ս են դրանք ձևավորվել։ 

Ուիգմորի կրթական օրակարգը շատ հագեցած է․ 2023թ․-ից սկսած Ուիգմորը իրականացնում է կլինիկական օրդինատուրայի ծրագրեր Առողջապահության Ազգային Ինստիտուտի ընդհանուր մանկաբուժության  և նեղ մասնագիտությունների ամբիոնի հետ։ Այս պահին շարունակվում է ընդունելությունը ընդհանուր մանկաբուժություն, նեոնատոլոգիա, մանկական մաշկաբանություն, մանկական ՔԿԱ, մանկական օրթոպեդիա և վնասվածքաբանություն,  մանկական վիրաբուժություն և մանկական անեսթեզիա և վերակենդանացում մասնագիտություններով։

Մեր հաջորդ ուղղություններն են՝ Ուիգմորի անձնակազմի և, հատկապես, մեր բուժքույրական անձնակազմի կարողությունների շարունակական զարգացումը,   Երևանում և ՀՀ մարզերում աշխատող բուժաշխատողների համար  իրականացվող կրեդիտավորված դասընթացները, և բուժառուներին և նրանց ընտանիքներին ուղղված կրթական նախաձեռնությունները։ 

Այս տարի Երևանում նաև երկու խոշոր միջազգային գիտաժողով ենք կազմակերպել՝ «Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության» և  «Ուրոգինեկոլոգիայի և փոքր կոնքի վերակառուցողական վիրաբուժության» գիտաժողովները, որոնց մասնակցեցին թե՛ Երևանի և թե՛ մարզերի բուժաշխատողներ։ 

-Եկեք խոսենք Ուիգմորի թիմի շարունակական կրթությունից․ ինչպե՞ս եք դա իրականացնում։

Մենք որդեգրել ենք շարունակաբար կրթվելու, սովորելու և սովորեցնելու, ինչպես նաև միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու և տեղայնացնելու մոտեցումը։ 
Ուիգմորում մշակում և պարբերաբար իրականացնում ենք անձնակազմի մասնագիտական գիտելիքների և կառավարման կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ։

Միջազգային համագործակցությունների շրջանակում նաև տարվա մեջ մի քանի անգամ մեր բժիշկների տարբեր խմբեր մեկնում են վերապատրաստումների ԱՄՆ և եվրոպական առաջատար բուժհաստատություններ, ինչպես նաև ինքներս ենք Ուիգմորում հյուրընկալում օտարերկրյա մասնագետների, միասին ձևավորում և իրականացնում  երեխաների և կանանց առողջությանն ուղղված տեսական և գործնական դասընթացներ թե առկա, թե առցանց ձևաչափերով։ 

-Նշեցիք, որ կրթական օրակարգի մեծ կտոր է բուժքույրական կրթությունը։ Ինչո՞վ է պայմանավորված Ուիգմորի հատուկ ուշադրությունը բուժքույրերի կարողությունների զարգացմանը։ 

-Բուժքույրական կրթությունը Ուիգմորի առաջնահերթություններից է․ բուժքույրն այն հենասյունն է, որի վրա կառուցվում է հիվանդանոցային ծառայությունների որակը։ Անհնար է հասնել բարձր նշաձողի, եթե չունենք հմուտ բուժքույրական անձնակազմ։ 

Մեզանում, ցավոք, բուժքրոջ մասնագիտությունն ունի թյուր ընկալում՝ բուժքույրը սովորաբար ինքնուրույն որոշումներ չի կայացնում, ունի գործառույթների և հմտությունների սահմանափակ շրջանակ։ 

Եթե Հայաստանում բժիշկները քիչ թե շատ հնարավորություն ունեն նոր գիտելիք ստանալ տարբեր մասնագիտական՝ տեղական կամ միջազգային դասընթացների և/կամ գիտաժողովների մասնակցելով, ապա բուժքույրերի համար նմանատիպ հնարավորություններ դաշտում գրեթե չկան․ շատերը կրթական հաստատություններն ավարտելուց հետո գիտելիքները թարմացնելու, վերապատրաստվելու որևէ հնարավորություն չեն ունենում։ 

Իսկ պատկերացրեք, եթե բուժքույրն աշխատում է հեռավոր համայնքի ամբուլատորիայում․․․ ոլորտի մասնագիտական նորություններին ծանոթանալու և սովորելու հնարավորությունը առավել դժվարանում է։ 

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի բուժքույրեր

Համագործակցելով զարգացած երկրների առաջատար հիվանդանոցների մասնագետների հետ՝ մենք տեսնում ենք, որ բուժքույրը հմուտ, բարձրակարգ, լայն գործառույթներ իրականացնող մասնագետ է, և ուզում ենք Հայաստանում էլ բուժքրոջ մասնագիտությունը նման մակարդակի հասցնել։ 

Ուիգմորն իր բուժքույրական անձնակազմի համար մշակել և իրականացնում է շարունակական մասնագիտական զարգացման թիրախային ծրագիր։ Ինչպես նաև, օգտագործելով մեր միջազգային կապերը, հնարավորություն ենք ստեղծում ԱՄՆ գործընկեր հաստատությունների բուժքույրերի հետ փորձի փոխանակման, դասընթացների, այդ թվում հյուրընկալելով նրանց Հայաստանում  և համատեղ աշխատելով։

Մեր կրթական օրակարգի անբաժան մաս է նաև կազմում բուժքույրերի համար մշակված ծրագրերը․ 2023թ․-ից ի վեր դասընթացներ ենք իրականացրել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի առաջնային և հիվանդանոցային օղակի, ինչպես նաև մանկապարտեզների (թե պետական, թե մասնավոր) և դպրոցների բուժքույրերի համար։

-Պատմեք, խնդրեմ, ՀՀ մարզերում Ուիգմորի կրթական նախաձեռնությունների մասին։      

-Ուիգմորում մենք համոզված ենք, որ գիտելիքը միակ բանն է, որ կիսելով չի պակասում։ 

2023թ․-ից սկսած մեր թիմը մի քանի անգամ արդեն այցելել է բոլոր ՀՀ մարզերը՝ դասընթացներ և անվճար խորհրդատվություններ իրականացնելով։ 

Վերջին տասնամյակներին մանկաբուժության ոլորտում էական փոփոխություններ են տեղի ունեցել, շատ հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ ապացուցահեն բժշկությունը նոր մոտեցումներ է առաջարկում։ Մեր դասընթացները հիմնված են բացառապես վերոնշյալ մոտեցումների վրա,  մշակվում և կրեդիտավորվում են Առողջապահության Ազգային Ինստիտուտի մանկաբուժության և մանկական նեղ մասնագիտությունների ամբիոնի հետ համատեղ,  և իրականացվում են Ուիգմորի մասնագետների կողմից։  

Մարզային այցելությունների ժամանակ մենք ոչ միայն դասախոսություններ ենք կարդում, այլև տեղում անվճար խորհրդատվություն ենք տրամադրում երեխաներին և կանանց։ Խորհրդատվությանը մասնակցող մարզային մասնագետներն այսպիսով գործնական հմտությունները տեղում զարգացնելու հնարավորություն են ստանում։

Մեր վերջնանպատակն է, որ երեխաները մարզերից Երևան գան միայն նեղ մասնագիտական ծառայություններից և/կամ դժվարամատչելի հետազոտություններից օգտվելու համար։ Առաջնային օղակի մասնագետների ուժեղացումը մարզերում կարող է օգնել մեզ հասնելու այդ նպատակին։  

Ի դեպ, շատ սպասված են նաև Երևանի պոլիկլինիկաների մասնագետների համար կազմակերպվող մեր դասընթացները։ Մեր գործընկերները հաճախ են նշում, որ Ուիգմորը դարձել է մասնագիտական համայնքի հավաքատեղի, ուր իրենք միշտ սիրով և նոր գիտելիքներ ստանալու ակնկալիքով են գալիս։


«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանի հետ

-Ուիգմորը բազմապրոֆիլ բժշկական կենտրոն է․ ո՞րն է հիվանդանոցի՝ այսքան ակտիվ կրթական օրակարգ ունենալու մոտիվացիան։

-Մեր սկզբունքը հետևյալն է․ եթե ուզում ես գնալ արագ, գնա միայնակ, եթե ուզում ես գնալ հեռու, գնա համախոհներիդ հետ։ Մենք ուզում ենք միավորել  ջանքերը մեր բոլոր համախոհների հետ և երկար ճանապարհ միասին գնալ։ 

Ուիգմորի նպատակն է երկրի առողջապահության ոլորտում համակարգային փոփոխություն բերել՝ նպաստելով ապացուցահեն և բարձրորակ բժշկության համընդհանուր զարգացմանը։ Այս տեսլականի կրողը և գործնականում իրականացնողը յուրաքանչյուրս ենք։ 

Մենք ունենք երիտասարդ, էնտուզիազմով ու դրական փոփոխություններ բերելու ներուժով մեծ թիմ, որ մեծ եռանդով և ուրախությամբ պատրաստ է շարունակաբար կրթվել, կիսվել իր գիտելիքով և փորձով, որակյալ բուժօգնություն տրամադրել մեր բնակչությանը։ 

-Նշեցիք նաև բուժառուներին և նրանց ընտանիքներին ուղղված կրթական նախաձեռնությունների մասին․ կմանրամասնե՞ք։

Հետազոտությունները վկայում են, որ հանրության առողջության ընդամենը 10% է պայմանավորված առողջապահական ծառայությունների որակով, իսկ մոտ 40% պայմանավորված է մարդկանց առողջական վարքագծով։ Այսինքն, կարևոր է որ բուժառուն և իր ընտանիքը վստահելի գիտելիքներ ունենան, օրինակ, կանխարգելելի հիվանդությունների վերաբերյալ, իմանան՝ ինչպես առաջին օգնություն ցուցաբերել, ինչպես ճիշտ խնամել հիվանդ երեխային․․․ Այլապես, լավագույն առողջապահական համակարգն էլ չի կարողանա էական ազդեցություն ունենալ առողջական ցուցանիշների վրա։ 

Մենք մշակել ենք «Ուիգմորը ծնողների համար», «Ուիգմորը կանանց համար», «Ուիգմորը երեխաների համար» նախաձեռնությունները, ինչի շրջանակում տարբեր ձևաչափի հանրային հանդիպումներ և միջոցառումներ ենք կազմակերպում թիրախային խմբերի համար։ Ինչպես նաև մեկնարկել ենք ասթմայի, ճարպակալման, դիաբետի և քաշի կառավարման դպրոցները բուժառուների և նրանց ընտանիքների գիտելիքները այս թեմաներով բարելավելու և փոխաջակցման համայնք ստեղծելու համար։ Իսկ ծննդատան մեկնարկին զուգահեռ իր դռները բացեց նաև Ուիգմորի «Ապագա ծնողների դպրոցը»։

-Տիկին Աբելյան, շատ հագեցած աշխատանքային օրակարգ ներկայացրեցիք։ Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում  Ձեր աշխատանքում:

-Շատ կարևոր է, որ մարդ սիրի այն, ինչով զբաղվում է։ Ես խորապես հավատում եմ, որ այն ինչ անում ենք, շատ կարևոր է և անպայման դրական արդյունք է տալու։ Իսկ եթե դրան գումարեք Ուիգմորցիների այն մեծ թիմը, որ մեծ նվիրվածությամբ իրականացնում է այս ծրագրերը, ապա, կասկածից վեր է, մենք բոլորս միասին երկար ճանապարհ ենք գնալու։

Որպես մարդ, ով երկար տարիներ եղել է մանկաբուժության ոլորտում, կարող եմ նշել ևս մի շատ կարևոր փաստ․ վերջին տարիներին մանկաբույժների միջին տարիքը 50+ է եղել  և անհանգստություն կար, որ մանկաբույժի մասնագիտությունը մեր երկրում «ծերանում» է։ Իսկ հիմա հաճախ եմ լսում իմ գործընկերներից, որ, Ուիգմորի մանկաբույժներին տեսնելով, հույս ու հավատ է առաջանում, որ մանկաբուժության նոր «դարաշրջան» ու դպրոց է ձևավորվում։ Մասնագիտությունը կշարունակի ապրել և մանկաբույժների նոր սերունդը կկարողանա բարձրորակ բուժօգնություն տրամադրել երեխաներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում