Տնտեսություն

Արձանագրվել է սպառողական վարկերի էական աճ, չաշխատող վարկերը նվազել են

2 րոպեի ընթերցում

Արձանագրվել է սպառողական վարկերի էական աճ, չաշխատող վարկերը նվազել են

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սպառողական վարկերի էական աճ է նկատվում, ավելացել են նաև հիփոթեքային վարկերը, ընդհանուր վարկերի մեջ նվազել է վատորակ կամ չաշխատող վարկերի կշիռը՝ հասնելով 1.2 տոկոսի:   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում` 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության քննարկման շրջանակում: 

«Ներկայում մենք արձանագրում ենք սպառողական վարկերի էական աճ, հիփոթեքային վարկերի աճ:  Դրանք փոխկապակցված են, որովհետև հիփոթեքային վարկերի աճը ինչ-որ ժամանակ հետո վերանորոգման և այլ ծախսերի անհրաժեշտության պարագայում հանգեցնում է սպառողական վարկերի աճի: Մենք գնահատում ենք, որ դրանք տնտեսության ներուժին չնպաստող գործոններ են»,–ասաց Ղահրամանյանը:

Նա հույս հայտնեց, որ տնտեսության կառուցվածքի բալանսավորման արդյունքում արդյունաբերությանը կամ գյուղատնտեսությանը տրվող վարկերի ծավալներն ավելի կավելանան:

«Մենք ունենք վատորակ կամ չաշխատող վարկերի էական նվազում ընդհանուր վարկերի մեջ: Դրանք 2022-ին կազմել են 2.8 տոկոս, 2023-ին՝ 2.4, ներկայում 1.2 տոկոս են ընդհանուր վարկերի մեջ: Դա շատ լավ ցուցանիշ է առհասարակ բանկային համակարգի պատմության ամբողջ ընթացքում»,-ասաց Ղահրամանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում