Սյունիքը Գուրոսի լուսանկարներում. Նկարիչների միությունում կայացավ բացառիկ լուսանկարներ պարունակող գրքի շնորհանդես

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ «Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս. Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացվեցին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 180 լուսանկարներ։ 

Լուսանկարների մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության և հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն իր խոսքում նշեց, որ ցուցահանդեսն ինքնին հետաքրքիր է այն առումով, որ ներկայացնում է մի ամբողջ դարաշրջան։

«Երբ մարդն ապրում է, շատ հաճախ շրջապատն իրեն թվում է սովորական, բայց կան նրանք, ովքեր այդ ամենը դիտել են բոլորովին այլ տեսանկյունից և այդ պրոֆեսիոնալների շարքին է դասվում Գուրոսը, ով կարողացել է իր ժամանակաշրջանը ֆիքսել, տեսնել մի ուրիշ դիտակետից և սերունդներին փոխանցել այն մեծ հարստությունը, որն այսօր դիտելու հնարավորություն ունեն մեր հայրենակիցները»,- ասաց Նկարիչների միության նախագահը։

ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին նշեց, որ բացառիկ լուսանկարների ցուցադրությունն ունի երեք արժեքավոր տարրեր։

«Առաջինը միանշանակ Գուրոսի թողած ժառանգությունն է, որով ես և շատերը նորովին ենք բացահայտել Սյունիքը։ Մենք ծանոթ ենք մեր ճարտարապետությանը, գիտենք, թե ինչպիսին են մեր յուրօրինակ շենքերը, բայց լուսանկարներում դրանք տեսնելիս ևս մեկ անգամ ստանում ենք հնարավորություն՝ համոզվելու մեր պատկերացումներում։ Երկրորդ կարևոր տարրը պարոն Երանոսյանի կատարած որակյալ աշխատանքն է, որը խոսում է այն մասին, որ այսօր մեր ՊՈԱԿ-ներում աշխատում են պրոֆեսիոնալ գիտաշխատողներ։ Իսկ երրորդ կարևոր տարը մեր գրքերի և կոնկրետ այս պարագայում ներկայացվելիք գրքի որակն է։ Շատ անգամ եղել են դեպքեր, երբ բովանդակությամբ հարուստ աշխատանքները ներկայացվել են համալսարանական պատճենի մակարդակով, ինչն անընդունելի է, մինչդեռ այս աշխատանքը, որը կատարվել է ՊՈԱԿ-ի կողմից, իրականում շատ բարձր որակի է և կարող է իր պատվավոր տեղը գտնել մեր հուշանվերների խանութում»,- ասաց Քոչարյանը։  

«Պատկեր և պատում. XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի հեղինակ Արգամ Երանոսյանն էլ նշեց, որ տվյալ աշխատանքը մի մարդու մասին է, ով կյանքի ընթացքում իր ամբողջ գործունեությունը նվիրել է Սյունիքի, մասնավորապես Գորիսի շրջանի պատմամշակութային ժառանգության վավերագրմանը և իր արժանի տեղն ունի այնպիսի անվանի լուսանկարիչների շարքում, ինչպիսիք են Արամ Վրույրը, Արա Գյուլերը, Սեբաստիա Սալգադոն և շատ ուրիշները։

«Այն առարկաներն ու իրերը, որոնք պահվում են մեր թանգարաններում, մեր հավաքածուներում, պետք է պարբերաբար առանձին ժողովածուների տեսքով դրվեն շրջանառության մեջ, հրատարակվեն և հանրության համար դառնան հասանելի։ Գուրոսի աշխատանքները ոչ միայն գեղարվեստական, մշակութային բարձրարժեք գործեր են, այլև թանգարանային նմուշներ են, որ իրենց արժանի տեղը պետք է գտնեն մեր թանգարանային հավաքածուներում»,- ասաց գրքի հեղինակը։

Երանոսյանը տեղեկացրեց, որ իր աշխատությունը կազմվել է պատմամշակութային արգելոց-թանգարաններում առկա 891 սևանկարների հավաքածուի հիման վրա, որոնց մի մասը ապակու հիմքով նկարներ են, մի մասն էլ ժապավեններ են։ Նկարների առաջին խումբը Գուրոսը լուսանկարել է 1920-30-ական թվականներին, երկրորդ խումը՝ 1950-60-ական թվականներին, որոնց համադրումը տալիս է մի ամբողջական վավերագրություն։  

«Գուրոսը լուսանկարել է խորհրդային շրջանի արդիականացման փուլը, երբ ավանդական տնտեսաձևից անցում էր կատարվում կոլեկտիվ տնտեսության։ Լուսանկարել է նաև մարդկանց ապրելակերպն ու կացութաձևը, երբ քարանձավներից մարդկանց կենցաղը տեղափոխվեց սարահարթ։ Մանրամասնորեն վավերագրել է, թե ինչպես է զարգացել հին Գորիսը, ինչպես է ձևավորվել ժամանակակից բնակատեղին։ Մի խումբ նկարներում էլ պատկերված են 1931 թվականի երկրաշարժի հետևանքները։ Արհավիրքը պատկերած լուսանկարները պահպանվել էին միայն Գուրոսի մոտ։ Նա վավերագրել է նաև բնական աղետի պատճառով հուշարձանների շրջանում եղած ավերածությունները։ Նա մանրամասնորեն լուսանկարել է Սյունիքի գեղատեսիլ բնությունը, հատկապես ժայռերը, որոնց հետ կապված կան բազմաթիվ առասպելներ ու պատումներ»,- ասաց արվեստագետը։  

Մանվել Մարգարյան

Հայերեն فارسی

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851