Լոռու մարզում տնտեսության առաջատար ճյուղերից է նաև զբոսաշրջությունը․ մարզպետը՝ ձեռքբերումների ու ծրագրերի մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Լոռու մարզի տնտեսության առաջատար ճյուղերի ցանկին, որն ընդգրկում է մասնավորապես արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը, վերջին տարիներին գումարվել է նաև զբոսաշրջությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը բավականին զարգացած գնահատեց զբոսաշրջային ոլորտը։
Նրա տեղեկատվությամբ՝ վերջին 2 տարիներին մոտ 30 հյուրանոց և հյուրատուն է կառուցվել մարզում, ինչն ակտիվություն է հաղորդել զբոսաշրջությանը։
«Ուզում եմ շեշտել, որ բավականին անելիքներ կան։ Ինքս ցանկանում եմ, որ այդ ոլորտում շատ մեծ աշխատանքներ իրականացնենք։ Լոռու մարզն իր բնությամբ և պատմամշակութային ժառանգությամբ շատ գրավիչ վայր է։ Հրավիրում եմ մեր բոլոր տնտեսվարողներին՝ Հայաստանում, ինչու չէ նաև Սփյուռքում գործող մեր հայրենակիցներին, Լոռու մարզում հիմնել հյուրանոցային և ռեստորանային տնտեսություններ, որպեսզի մարզը դարձնենք առավել գրավիչ և՛ մեր հայրենակիցների, և՛ օտարերկրացիների համար»,-ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Փամբակ համայնքում ներկայում բավականին խոշոր հյուրանոց է կառուցվում։ Բացի այդ, նշված հատվածն առավել գրավիչ դարձնելու համար նպատակ կա ճոպանուղի կառուցել։
Անդրադառնալով հանրապետության տնտեսության ընդհանուր ծավալում Լոռու մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռներին՝ Ղազարյանը նշեց, որ արդյունաբերությունը կազմում է 3,3 տոկոս, գյուղատնտեսությունը՝ 8,7 տոկոս, շինարարությունը՝ 4,2 տոկոս, մանրածախ առևտուրը՝ 2,4 տոկոս, իսկ մյուս ծառայությունները՝ 1,2 տոկոս։
Մասնավորապես՝ արդյունաբերության ոլորտում գերակա ճյուղերից են համարվում թեթև արդյունաբերությունը և վերամշակման ուղղությունը։
Մարզպետն ուրախալի համարեց, որ համեմատաբար փոքր ընկերությունները ևս փորձում են գործունեություն ծավալել մարզում։
Ղազարյանի հավաստմամբ՝ մարզպետի աշխատակազմն իր ներդրումն ու մասնակցությունն է ունենում փոքր և միջին բիզնեսի տարածումը խթանելու ուղղությամբ։

«Շեշտադրելով խոշոր ընկերությունները՝ միաժամանակ՝ խթանում ենք մանր և միջին բիզնեսը, որի շնորհիվ տեղի բնակչության համար և աշխատատեղեր են ապահովվում, և տեքստիլ արտադրության լայն ընդգրկվածությունը»,-ընդհանրացրեց Լոռու մարզպետը։
Հեղինակ՝ Վան Նովիկով
Լուսանկարները՝ Հայկ Հարությունյանի
Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան