2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի և ԱՄՆ-ի իշխանությունները պայմանավորվել են ամերիկյան ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ճակատագրի շուրջ, որոնք 2021 թ. օգոստոսին աֆղան զինվորականները տեղափոխել են Ուզբեկստանի տարածք: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Տաշքենդում ԱՄՆ դեսպան Ջոնաթան Հենիքը։
«Կլինի Ուզբեկստանում: Այո, դա արդեն պաշտոնապես», - ասել է դեսպանը:
Նրա խոսքով՝ կողմերն արդեն իրագործում են համատեղ ծրագիրը:
Հենիքը հավելել է, որ այդ տեխնիկան երբեք աֆղանական չի եղել. «Նրանք (Աֆղանստանի բանակը) օգտագործել են այն, բայց մենք ենք միշտ եղել սեփականատերը:
Ավելի վաղ ուզբեկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ ամերիկյան Sierra Nevada Corporation-ն Ուզբեկստանի համար կվերանորոգի վեց Pilatus PC-12 ինքնաթիռ, որոնք այլ ավիատեխնիկայի հետ միասին աֆղան զինվորականները, խախտելով սահմանը, Ուզբեկստան են տեղափոխել թալիբների իշխանության գալու ընթացքում:
Politico-ն 2022 թ. սեպտեմբերին հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները կարող է Տաջիկստանին և Ուզբեկստանին փոխանցել նրանց տարածքում հայտնված մինչև 50 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ՝ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարում օգնության դիմաց:
2021 թ. օգոստոսին Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման օրերին Ուզբեկստանի օդային տարածությունն անօրինականորեն հատել է 22 ռազմական ինքնաթիռ և 24 ուղղաթիռ (Embraer EMB 314 Super Tucano, UH-60 Black Hawk, MD-530, PC-12 և Mi-17)։