Աշխարհ

Փրկարարները քիչ հավանական են համարում Սիցիլիայի ափերի մոտ խորտակված զբոսանավում եղած 6 մարդկանց ողջ գտնելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Փրկարարները քիչ հավանական են համարում Սիցիլիայի ափերի մոտ խորտակված զբոսանավում եղած 6 մարդկանց ողջ գտնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի փրկարարներն ու սահմանապահները գրեթե անհավանական են համարում Սիցիլիայի ափերի մոտ երկուշաբթի խորտակված բարձրակարգ զբոսանավում եղած 6 անձանց ողջ գտնելու հնարավորությունը: Այնուհանդերձ, նավաբեկյալները դեռևս համարվում են անհետ կորած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները:

Իտալիայի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Վինչենցո Զագարոլան նշել է, որ ծովում և օդից իրականացվող որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն շուրջ 36 ժամ։ 

«Իհարկե, չենք բացառում, որ այդ 6 մարդիկ ողբերգության պահին արգելափակված չեն եղել իրենց նավասենյակներում, սակայն գիտենք, որ նավն արագ է խորտակվել: Ենթադրում ենք, որ անհետացած վեց մարդիկ չեն հասցրել փրկվել»,- բրիտանական Press Association գործակալությանն ասել է Զագարոլան՝ չբացառելով, որ նավաբեկյալները զոհվել են:

Բրիտանական և իտալական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մոտավորապես 50 մետր խորության վրա աշխատող փրկարարները փորձում են հասնել խորտակված զբոսանավի խցիկներին։ 

56 մետր երկարությամբ զբոսանավը օգոստոսի 19-ի առավոտյան խորտակվել է Սիցիլիայի Պորտիչելո բնակավայրի մոտ՝ փոթորիկի ժամանակ։ Կոտրվել է նավի կայմը, որից հետո այն կորցրել է կայունությունը և խորտակվել է, հայտնում է Corriere della Sera թերթը։ 

Զբոսանավում եղել է 22 մարդ՝ անձնակազմի 10 անդամ և 12 ուղևոր։ Փրկարարներին հաջողվել է ափ հանել 15 ողջ մնացածի։ Բացի այդ, հայտնաբերվել է անձնակազմի մեկ զոհված անդամի դին։ 

Անհետ կորած վեց մարդկանց թվում են Autonomy-ի ընկերության համահիմնադիր, բրիտանացի մուլտիմիլիոնատեր Մայք Լինչը (հայտնի է որպես «բրիտանացի Բիլ Գեյթս»), ինչպես նաև Morgan Stanley բանկի բրոքերային մասնաճյուղ Morgan Stanley International-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջոնաթան Բլումերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում