Աշխարհ

Լեհաստանի նախկին նախագահը դժգոհել է իր ցածր թոշակից

2 րոպեի ընթերցում

Լեհաստանի նախկին նախագահը դժգոհել է իր ցածր թոշակից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին (1995-2005 թթ.) դժգոհել է, որ իրեն չի բավարարում նախագահական թոշակը, և որ ինքը ստիպված է լրացուցիչ գումար վաստակել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին քաղաքական գործիչը հայտնել է gazeta.pl ինտերնետ-հարթակի հետ զրույցում։

«Այս պահին դա (խմբ.՝ նախագահական թոշակը) մոտ 12 հազար զլոտի է (մոտ 3117 դոլար), որից, անշուշտ, անհրաժեշտ է հարկեր վճարել: Դա այն գումարը չէ, որը  բավարարում է, իսկ ես մեծ ընտանիք ունեմ: Ուստի պարզ է, որ անհրաժեշտ է լրացուցիչ գումար  վաստակել», - զրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Լեհաստանի նախկին ղեկավարը հավելել է, որ լրացուցիչ վաստակում է ոչ միայն ֆինանսական պատճառներով։ 

«Քանի դեռ մարդուն հրավիրում են, քանի դեռ նրան ցանկանում են լսել, ապա կարելի է ուրախանալ դրա համար. չէ՞ որ դա տալիս է զգացողություն, որ ես պետք եմ, որ դեռ կարող եմ ինչ-որ բան անել», - պարզաբանել է նա:

2024 թվականի հունվարին իր ֆինանսական դժվարություններից է գանգատվել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալեսան, որը Լեհաստանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1990-1995 թվականներին։ Նա հայտարարել է, որ գոհ չէ իր նախագահական թոշակի չափից, որը կազմում է ամսական 11-13 հազար զլոտի (մոտավորապես 2857-3376 դոլար)։ 

«Եթե ես գոհ լինեի, կգնայի սունկ հավաքելու կամ ձկնորսության, իսկ ես մինչ օրս աշխատում եմ, ուղևորությունների մեկնում աշխարհով մեկ», - ասել է Վալեսան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում