Հայաստան

Պատմության գանձերը. Ք.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող զարդը՝ վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի եզակի նմուշ

3 րոպեի ընթերցում

Պատմության գանձերը. Ք.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող զարդը՝ վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի եզակի նմուշ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ք.ա. 3-րդ հազարամյակով թվագրվող տարատեսակ ուլունքահատերից ձևավորված եռաշար ինքնատիպ զարդը հայտնաբերվել է Գեղարոտի վաղ բրոնզեդարյան բնակելի համալիրներից մեկից: Վզնոցը համարվում է վաղ բրոնզեդարյան ժամանակաշրջանի եզակի նմուշ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի ֆոնդապահ-կոնսերվատոր, հնագետ Մարիամ Սարիբեկյանը նշեց, որ Գեղարոտում  հայտնաբերված վզնոցը բացառիկ է, քանի որ որևէ այլ հնագիտական հուշարձանում   նմանատիպ պատկերազարդմամբ  առարկա չի հայտնաբերվել: Մասնագետի խոսքով՝  զարդը նաև խոսում է այդ ժամանակաշրջանում արվեստի և գեղեցկության շուրջ մարդկանց պատկերացումների մասին:  

«Դեռևս 1998 թվականից սկսված պեղումների ժամանակ ուսումնասիրվել է նաև Գեղարոտի բնակատեղին և դամբարանադաշտը, որը, ըստ մասնագետների՝ մի քանի հազարամյակ բնակեցված համալիր է եղել: Բնակեցումը սկսվել է վաղ բրոնզե դարից, տարածքում կա նաև ուշ բրոնզեդարյան բնակելի համալիր, ինչպես նաև Կիկլոպյան ամրոց: 

Այս պեղումների շրջանակներում է, որ Գեղարոտի վաղ բրոնզեդարյան բնակելի համալիրներից մեկից գտնվել է վզնոցը, որը թվագրվում է Ք.ա. 3-րդ հազարամյակով: Այն սակրաձև, կաթիլաձև և գլանաձև տարատեսակ ուլունքահատերից ձևավորված եռաշար ինքնատիպ զարդ է։ Վզնոցի բաղկացուցիչներն արված են ձուլման և կիսաթանկարժեք քարերի մշակման հնարքների զուգորդմամբ»,- ասաց Մարիամ Սարիբեկյանը: 

Ըստ մասնագետի՝ այն բաղկացած է 88 քարե ուլունքներից, 217 տեսակի մածուկից և 99 բրոնզե ուլունքներից: Բրոնզե  ուլունքները ժամանակի համար նորություն են եղել: Նրա խոսքով՝ վաղ բրոնզե դարը այն ժամանակաշրջանն է, երբ բրոնզի պատրաստման տեխնոլոգիան նոր-նոր սկսել է զարգանալ, քանի որ  նախկինում պատրաստվում էին շատ պարզ, առանց որևէ նախշազարդումների, իսկ Գեղարոտում հայտնաբերված զարդը արդեն իսկ խարսխաձև զարդանախշով է: 

Մասնագետը  նշեց՝ հետագայում բրոնզի ուսումնասիրությունները և անալիզները  ցույց են տվել, որ  այն կապարի, պղնձի և արսենիումի խառնուրդ է՝ հավելելով, որ  այս մետաղների համադրությունը բրոնզին տվել են ամրություն և հետաքրքիր փայլ:

«Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ օգտագործված մետաղների խառնուրդները բերվել են տարբեր հանքերից, ինչը նշանակում է, որ տեղի  բնակիչները կապեր են ունեցել նաև հարևաններ հետ»,- եզրափակեց  Հայաստանի պատմության թանգարանի մասնագետը:

Հեղ. Գայանե Գաբոյան

Լուսանկարիչ՝ Հայկ Բադալյան

Օպերատորներ՝ Հովհաննես Մկրտչյան, Հայկ Բարսեղյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում