Մերձավոր Արևելք

Իսրայելը ցանկանում է պատ կառուցել Եգիպտոսի և Գազայի միջև. աղբյուրներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելը ցանկանում է պատ կառուցել Եգիպտոսի և Գազայի միջև. աղբյուրներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը ցանկանում է Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին՝ այսպես կոչված, Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ, պատ կառուցել՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից թունելների կառուցումը կանխելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է ամերիկյան Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում արաբ միջնորդներին։

«Ինչպես հայտնել են արաբ միջնորդները, Իսրայելը պնդում է պատի կառուցումը միջանցքում, որպեսզի խանգարի ՀԱՄԱՍ-ին թունելներ փորել, ինչպես նաև ցանկանում է հասանելիություն ստանալ այն տեսախցիկների ու տվիչների տվյալներից օգտվելու համար, որոնք վերահսկում են այդ շրջանը», - հաղորդում է հրատարակությունը:

Ինչպես թերթին հայտնել է Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Կահիրեն կողմ է հանդես գալիս Իսրայելի ուժերի ամբողջական դուրսբերմանը միջանցքից և Եգիպտոսի ու Գազայի հատվածի միջև «Ռաֆահ» սահմանային անցակետից: 

Արաբ միջնորդների խոսքով՝ Իսրայելի տեխնիկական խումբն ավարտել է Կահիրեում գործընկերների հետ հանդիպումները՝ քննարկելու միջանցքի և «Ռաֆահ»-ի հարցերը, սակայն առանց մեծ առաջընթացի:

Օգոստոսի 18-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտնել էր, որ նա շարունակում է աշխատել Գազայի հատվածում գործարքի առաջխաղացման ուղղությամբ, որն առավելագույնս կավելացնի ազատ արձակված պատանդների թիվը, ինչպես նաև պնդում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մնա Գազայի հատվածի և Եգիպտոսի  սահմանային միջանցքում:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում