Աշխարհ

Մոդին մտադիր է Զելենսկիի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը

2 րոպեի ընթերցում

Մոդին մտադիր է Զելենսկիի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Լեհաստան և Ուկրաինա կատարելիք այցերի ընթացքում հանդիպումներ կունենա այդ պետությունների ղեկավարների հետ։ Նա նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ կքննարկի Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման թեման։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Հնդկաստանի վարչապետը հայտնել է Վարշավա մեկնելուց առաջ։

«Իմ այցը Լեհաստան համընկնում է մեր դիվանագիտական ​​հարաբերությունների 70-ամյակի հետ: Լեհաստանն առանցքային տնտեսական գործընկեր է Կենտրոնական Եվրոպայում: Ժողովրդավարության և բազմակարծության նկատմամբ մեր համատեղ հավատարմությունն ավելի է ամրապնդում մեր հարաբերությունները: Ես անհամբեր սպասում եմ իմ բարեկամ վարչապետ Դոնալդ Տուսկի և  նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպմանը՝ մեր գործընկերության հետագա զարգացման համար», - Մոդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նարենդրա Մոդին նշել է, որ Լեհաստանից կմեկնի Ուկրաինա՝ Վոլոդիմիր Զելենսկիի հրավերով։ 

«Դա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա, ես անհամբերությամբ եմ սպասում հնարավորությանը՝ շարունակելու նախագահ Զելենսկիի հետ նախորդ զրույցները երկկողմ համագործակցության ամրապնդման մասին և կարծիքներ փոխանակելու Ուկրաինայում շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ», - նշել է Հնդկաստանի կառավարության ղեկավարը։

«Որպես բարեկամ և գործընկեր՝ մենք այդ տարածաշրջան խաղաղության և կայունության շուտափույթ վերադարձի հույս ունենք», - հավելել է վարչապետը։

Մոդին պաշտոնական այցով Լեհաստան կմեկնի օգոստոսի 21-ից 22-ը, այնուհետև օգոստոսի 23-ին կմեկնի Կիև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում