Տնտեսություն

Հայաստան-ԲՐԻԿՍ հարաբերությունները կարող են նպաստել երկրների միջև փոխգործակցության խորացմանը, տնտեսագետ

6 րոպեի ընթերցում

Հայաստան-ԲՐԻԿՍ հարաբերությունները կարող են նպաստել երկրների միջև փոխգործակցության խորացմանը, տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ շաբաթ Երևանում ազդարարվեց «Հայաստան-ԲՐԻԿՍ» գործարար համագործակցության կենտրոնի գործարկման մասին: Այժմ արդեն 9 երկրների միջպետական միավորումը, որը հերթական ընդլայնումից հետո ստացել է «ԲՐԻԿՍ+» անվանումը, աշխարհաքաղաքական նպատակներից բացի ունի նաև զարգացման հրապուրիչ հեռանկարներ ուրվագծող տնտեսական բաղադրիչ: 

«Արմենպրես»-ի թղթակիցը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ,  «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ամբիոնի ավագ դասախոս, տ.գ.թ. Սուսաննա Աղաջանյանի հետ զրույցի ընթացքում փորձել է պարզել, թե այդ գործոնը կարո՞ղ է գրավիչ դառնալ տնտեսությունն ընդլայնելու և արդիականացնելու ուղենիշ սահմանած Հայաստանի համար: 

- Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-ԲՐԻԿՍ հարաբերությունների ներկայիս մակարդակը:

- ԲՐԻԿՍ-ը զարգացող կազմակերպություն է, որի հետ Հայաստանը դեռ լիովին չի իրացնում տնտեսական կապերի զարգացման ներուժը: Այնուամենայնիվ, վերջերս Երևանում անցկացված միջազգային ֆորումի շրջանակներում կարևորվել է Հայաստան-ԲՐԻԿՍ գործարար համագործակցության կենտրոնի հիմնումը, որի գործունեությունը կնպաստի մեր երկրի և այդ կազմակերպությանն անդամակցող պետությունների միջև տնտեսական ու գործարար կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

- Հայաստանն արդեն տնտեսական հարաբերություններ է ձևավորել ԲՐԻԿՍ անդամ երկրների մեծամասնության հետ: Այս առումով, ըստ Ձեզ, կա՞ այդ հարաբերությունները նաև կոլեկտիվ հարթություն տեղափոխելու անհրաժեշտություն: Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԲՐԻԿՍ հնարավոր փոխգործակցության զարգացման հեռանկարները:

- Շատ խնդիրներ ավելի արդյունավետ լուծելու նպատակով տարբեր երկրներ ձգտում են միջազգային տնտեսական կապերը զարգացնել փոխգործակցության կոլեկտիվ մեխանիզմների միջոցով: Սա պետություններին հնարավորություն է տալիս ուժեղացնել իրենց դիրքերը համաշխարհային ասպարեզում, բարձրացնել ազգային տնտեսությունների մրցունակությունը և այլն:

ԲՐԻԿՍ-ը գործընկերության հարթակ է քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում համընկնող շահեր ունեցող պետությունների համար: Կազմակերպության նպատակն է ակտիվ համագործակցության միջոցով հավաքական կերպով մեծացնել անդամ երկրների տնտեսական աճի տեմպերը և ամրապնդել նրանց դիրքերն աշխարհում։ Սա փոխշահավետ գործընկերության հարթակ է, որը կոչված է ֆինանսական և սոցիալական կայունություն ապահովել ԲՐԻԿՍ-ին միացած երկրներում:

Եթե Հայաստան-ԲՐԻԿՍ հարաբերությունները դիտարկենք միայն տնտեսական, կրթական, տեխնոլոգիական, էկոլոգիական նախաձեռնությունների տեսանկյունից, ապա, ինչու ոչ, կարելի է մտածել դրանք զարգացնելու ուղղությամբ: Հատկապես, եթե կոլեկտիվ ջանքերն ու նախաձեռնությունները ավելի կխորացնեն փոխգործակցությունը երկրների միջև:

Սակայն, պետք է նկատի ունենալ, որ այս կառույցն ինքնին աշխարհաքաղաքական միավորում է, ուստի տնտեսական նախաձեռնությունների մի մասը կարող է որոշակի քաղաքական ենթատեքստ ունենալ, օրինակ՝ վճարումների BRICS Bridge հարթակը: Այս առումով պետք է գնահատել, թե փոխգործակցության զարգացումը որքանով կհամապատասխանի Հայաստանի արտաքին քաղաքականությանը:

- Ձեր գնահատմամբ՝ Հայաստանը տնտեսապես պատրա՞ստ է առերեսվելու ԲՐԻԿՍ երկրների ձևավորած ահռելի շուկային: Նման համագործակցությունն ինչպիսի՞ ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի տնտեսության համար և հակառակը՝ զարգացման ինչպիսի՞ հեռանկարներ է ուրվագծում:

- Այսօր Հայաստանն ինտեգրված է ԵԱՏՄ-ին, որը բազմամիլիոնանոց շուկա է հայ արտահանողների համար: Սակայն, ինչպես տեսնում ենք, չենք կարողանում ամբողջապես ողջ ծավալով իրացնել մեր երկրի արտահանման ներուժը: Արտահանման մեծ շուկա ունենալու տեսլականն, իհարկե, գրավիչ է, բայց ներկայումս շատ ոլորտներում հայ արտահանողների՝ ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ մրցակցելու հնարավորությունները սահմանափակ են: Պետք է նաև հասկանալ, թե ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցության ի՞նչ ձևաչափի մասին է խոսքը՝ արտոնություններ, սակագնային առանձնաշնորհումներ, ԵԱՏՄ-ԲՐԻԿՍ մեխանիզմ և այլն: Այս պահին ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առևտուրը կարգավորվում է ԵԱՏՄ Մաքսային օրենսդրությամբ:

- ԲՐԻԿՍ-ի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Սամիպ Շաստրին վերջերս հայտարարել է, որ կազմակերպության երկրների համար Հայաստանը հետաքրքիր է գյուղատնտեսության ոլորտում իր հարուստ ռեսուրսներով։ Ըստ նրա՝ ԲՐԻԿՍ-ի համար Հայաստանը կարող է դառնալ կարևոր երկիր և վճռորոշ դեր խաղալ նաև լոգիստիկայի առումով՝ նպաստելով կազմակերպության անդամ երկրների ապրանքները դեպի եվրոպական շուկա հասցնելուն։ Եթե լոգիստիկայի առումով ամեն ինչ հիմնականում պարզ է, ապա գյուղատնտեսության տեսանկյունից Հայաստանը ի՞նչ հեռանկար և դերակատարում կարող է ունենալ ԲՐԻԿՍ-ի երկրներում:

- Գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսության կարևորագույն ոլորտներից է, որը մեծ մասնաբաժին ունի մեր երկրի ՀՆԱ-ում: Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում հեռանկարային կարող են լինել ներդրումները ժամանակակից ջերմոցային տնտեսություններ, ինտենսիվ այգիների ստեղծելու, ձկնաբուծությունը զարգացնելու առումով:

Հայաստանի և ԲՐԻԿՍ-ի միջև արդյունավետ համագործակցության զարգացման համար նախևառաջ կարևոր կլինի Հայաստան-ԲՐԻԿՍ գործարար համագործակցության կենտրոնի աշխատանքը, որն, ըստ էության, կարող է նպաստել ներդրումների ներգրավմանը, առևտրի, կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության զարգացմանը:

Հրայր Նազարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում