Տնտեսություն

«Շանհայ-2024» էքսպոյին Հայաստանը մասնակցելու է երկու տաղավարով՝ ազգային և կոմերցիոն

8 րոպեի ընթերցում

«Շանհայ-2024» էքսպոյին Հայաստանը մասնակցելու է երկու տաղավարով՝ ազգային և կոմերցիոն

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը ներկայացրեց 2024 թվականի նոյեմբեր ամսին Չինաստանում կայանալիք ամենախոշոր ներմուծման և արտահանման էքսպոյի նախապատրաստական աշխատանքներն՝ անդրադառնալով նաև տարեվերջին սպասվելիք և 2025 թվականին բիզնեսի աջակցմանն առնչվող ծրագրերին, ինչպես նաև հակիրճ ներկայացրեց բարեգործական ծրագրերը։  

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-10-ն անցկացվելիք «Շանհայ-2024» էքսպոն անցկացվելու է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բաձր հովանու ներքո։ 

«Ցուցահանդեսին մասնակցելու են 158 երկրներ։ Սա լավագույն միջոցն է համապատասխան հայտ ներկայացնելու համար, ինչի շնորհիվ Հայաստանը կարող է զարգացնել իր տնտեսությունը և լինել մրցունակ միջազգային շուկաներում։ Հայաստանը մասնակցելու է երկու տաղավարով՝ ազգային և կոմերցիոն։ Առաջինում ներկայացվելու է մեր տնտեսությունը, ռազմավարությունը, պետականությունը, իսկ մյուսում ընկերությունները կարող են կնքել պայմանագրեր միջազգային գործընկերների հետ, ներկայացնել իրենց արտադրանքը և ունենալ վաճառք։ Ցուցահանդեսը տալիս է բազմաթիվ հնարավորություններ՝ տեղում բանակցելու և հանդիպելու չինական խոշոր մատակարարող ընկերությունների հետ։ Հենց միայն ցուցահանդեսի մակերեսը խոսում է շատ բանի մասին, այն կազմում է 367 հազար քառակուսի մետր։ Ակնկալվում են մեծ թվով այցելուներ։ Անցյալ տարի ցուցահանդեսն ունեցել է օրական 250 հազար այցելու։ Հայկական տաղավարը լինելու է միասնական, որտեղ հայաստանյան ընկերությունները հնարավորություն կունենան մասնակիորեն ներկայացնել իրենց արտադրանքի նմուշները»,- մանրամասնեց Մանուկյանը։ 

Նա ընդգծեց, որ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը շուրջ քսան տարի Հայաստանում ծավալում է կարևոր գործունեություն և արդեն իր ներկայացուցչություններն է բացել առնվազն քսան երկրներում։ 

«Այս տարիների ընթացքում խթանել և զարգացրել ենք միջազգային շուկաներ դուրս գալու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև ներդրումներ ապահովել Հայաստանում՝ քայլեր կատարելով նաև արտահանումը զարգացնելու ուղղությամբ։ Մեր խորհրդի անդամների թիվը 650 է։ Աջակցման ծրագրերի շրջանակում է անվճար ծառայությունների իրականացումը խորհրդատվական տեսանկյունից, ինչպես նաև հետաքրքիր նախագծերին օժանդակելը։ Մեր նպատակը կոնկրետ ռազմավարության մշակումն է, ինչի շնորհիվ հնարավոր է դուրս գալ միջազգային նոր շուկաներ։ Դրան նպաստում են նաև միջազգային համաժողովներն ու ցուցահանդեսները, որոնք վերջին տարիներին ընդլայնվել են և ավելի ակտիվ են կազմակերպվում։ Կնքված բազմաթիվ հուշագրերն ու համաձայնագրերը նույնպես արժևորել են գործընթացը: Դրանք ամրապնդում են երկկողմ կապերն ու ստեղծում վստահության մթնոլորտ»,- ասաց Մանուկյանը։   

Նրա խոսքով՝ վերջին տարիներին մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները հիմք հանդիսացան, որպեսզի հայկական կողմն իր գործառնությունները մեծապես խթանի ասիական շուկաներ դուրս գալու ուղղությամբ՝ ավելի մեծ հնարավորություններից օգտվելու նպատակով։

«Մեզ օգնում են մեր գործընկերները, որոնց հետ տարիներ շարունակ աշխատում ենք վստահության մթնոլորտում։ Մոտ 15 օր առաջ մեր խորհրդի պատվիրակությունը բավականին լուրջ ձեռքբերումներով վերադարձավ Չինաստանից ։ Դրան մեծապես նպաստեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը։ Հինգ գործարարներ հնարավորություն ունեցան օգտվել փոխհատուցման ծրագրերից և երկու շաբաթ ուսումնասիրել Չինաստանի տնտեսությունը, նրա ռազմավարությունը՝ այցելելով երեք քաղաքներ և քննարկելով համագործակցության հեռանկարները չինական խոշոր և կայացած ընկերությունների հետ։ Այդ քաղաքներում կնքվեցին շատ կարևոր հուշագրեր հայկական տնտեսությունը խթանելու նպատակով»,- նշեց Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահը։ 

ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չեն Մինն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր ձեռնարկատերերին, ովքեր տարիների ընթացքում հետաքրքրություն են ցուցաբերել Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև աջակցել երկու երկրների գործնական և բարեկամական համագործակցությանը։

«Այս տարի լրացել է Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները զարգանում են առողջ ու կայուն կերպով, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը շարունակում է նոր արդյունքներ բերել։ Մենք գտել ենք փոխգործակցության ճիշտ ճանապարհը՝ հիմնված հավասարության, փոխօգնության և փոխշահավետության վրա՝ անկախ պետությունների չափերից։ Երկար տարիներ Չինաստանը եղել և մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, հիմնական արտահանման շուկան և ներմուծման աղբյուրը։ Ընթացիկ տարվա կեսին երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 41,9 տոկոսով։ Չինաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առեւտրային գործընկերն է»,- նշեց փոխդեսպանը։

Չեն Մինի խոսքով՝ նախագծերը, ինչպիսիք են ճանապարհների կառուցումը, արևային էլեկտրակայանների և ենթակայանների արդիականացումը, սինթետիկ կաուչուկի գործարանը, անշեղորեն առաջ են ընթանում։ Երկու երկրներն արդեն կիրառել են առանց վիզայի ռեժիմը և անցյալ տարի 20 հազար չին զբոսաշրջիկ այցելել է Հայաստան: Այս տարվա սեպտեմբեր 3-ից China Southern Airlines ավիաընկերությունը նախատեսում է թռիչքներ իրականացնել Ուրումչիից Երևան, որպեսզի ավելի հեշտացվի մարդկանց տեղաշարժը երկու երկրների միջև։ 

Դիվանագետը հիշեցրեց, որ անցյալ տարի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր ավելի քան 20 ընկերությունների մասնակցություն Չինաստանի 6-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսին՝ ցուցադրելով այնպիսի հայկական ապրանքներ, ինչպիսիք են կոնյակը, գինին, մեղրը, չրերը և պահածոները։ Հայաստանն այժմ հաստատել է իր մասնակցությունն այս տարվա Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին, իսկ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը նույնպես պատրաստվում է մասնակցել ձեռնարկությունների համար նախատեսված առևտրային ցուցահանդեսին։ Ձեռնարկատերերը կարող են օգտագործել Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսը որպես հարթակ՝ ընդլայնելու արտահանումը և Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը:

«Չինական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանից իր գործընկերների հետ՝ ամրապնդելով քաղաքական վստահությունը, խորացնելով համագործակցությունը տարբեր ոլորտներում, ամրապնդելով մշակութային փոխանակումները՝ միասին կառուցելով երկկողմ հարաբերությունների պայծառ ապագա։ Հուսով եմ, որ այստեղ ներկա գտնվող ձեռներեցները կշարունակեն նպաստել Չինաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացմանը»,- եզրափակեց ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չեն Մինը։

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում