Քաղաքականություն

Ձգտել եմ նպաստել հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը. Գուրգեն Արսենյանի հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

Ձգտել եմ նպաստել հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը. Գուրգեն Արսենյանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը հայտարարություն է արել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գուրգեն Արսենյանը գրառումն արել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այդ կապակցությամբ արդեն վայր եմ դրել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը, ինչպես նաև դադարեցրել եմ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահի լիազորությունները և կուսակցության անդամությունը»,-նշված է գրառման մեջ:

Արսենյանը շեշտել է՝ գիտակցում է, որ քաղաքական զսպվածության սկզբունքը սահմանափակում է ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարծիք հայտնելու, հրապարակային քննարկումներում հանդես գալու դիվանագետի հնարավորությունները: Ուստի նախ շնորհակալություն է հայտնել Միավորված աշխատանքային կուսակցության ՄԱԿ-ի անդամներին և նրա հազարավոր համակիրներին` հանուն հայրենիքի շենացման մեր համատեղ աշխատանքի համար:

«1988 թվականից ի վեր` Հայաստանի անկախության նվաճման և ամրապնդման համար պայքարում ձգտել եմ իմ համեստ ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական զարգացման գործում: 

Առանձնապես կարևոր եմ համարում Ազգային ժողովում իմ 15-ամյա խորհրդարանական գործունեության շրջանը, երբ հանդես գալով, նախ` որպես ընդդիմադիր պատգամավոր, իսկ վերջին տարիներին` որպես իշխանության ներկայացուցիչ, ձգտել եմ նպաստել արդյունավետ պետական կառավարման համակարգի կայացմանը և հանրային համերաշխության ու համաձայնության հաստատմանը»,-նշել է նա:

Նորանշանակ դեսպանն իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության իր գործընկերներին` արգասաբեր և ներդաշնակ թիմային աշխատանքի համար: 

«Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, սիրելի ժողովուրդ, մեր անհատական ու խմբային ջանքերը որևէ արդյունք չէին տա, եթե չլիներ ձեր հավատը, վստահությունը և բոլորանվեր աջակցությունը, որ ստացել ենք հատկապես մեր երկրի համար վճռորոշ ու ճակատագրական պահերին: Իմ որդիական խոնարհումը ձեզ»,–եզրափակել է նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում