Աշխարհ

Հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի գրասենյակը

2 րոպեի ընթերցում

Հութիներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի գրասենյակը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հութիներն օգոստոսի 3-ին իրենց վերահսկողության տակ են վերցրել Սանայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ) գրասենյակը և առգրավել այնտեղ գտնվող փաստաթղթերն ու փոխադրամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԻԳՀՎ-ի ղեկավար Ֆոլքեր Թյուրքի՝ օգոստոսի 13-ի հայտարարության մեջ:

«Առանց թույլտվության ՄԱԿ-ի գրասենյակ մուտք գործելը և ուժով փաստաթղթերն ու ունեցվածքը վերցնելը լիովին հակասում են ՄԱԿ-ի արտոնություններին և անձեռնմխելիությանը: Դա նաև լուրջ գրոհ է ՄԱԿ-ի մանդատն իրականացնելու կարողության վրա, ներառյալ մարդկանց իրավունքների խրախուսման ու պաշտպանության առումով, որոնց պաշտպանությանն է կոչված իմ գրասենյակը»,- ​​ասված է փաստաթղթում։

Թյուրքը պարզաբանում է, որ այս իրավիճակը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին, և որ ՄԱԿ-ի աշխատակիցներին ստիպել են հանձնել փաստաթղթերը, ավտոմեքենաներն ու գրասենյակի բանալիները։

«Անսար Ալլահ»-ի (հութիներ) ուժերը պետք է անհապաղ ազատեն տարածքը և վերադարձնեն ողջ ունեցվածքը», - հավելել է գերագույն հանձնակատարը:

Նա ընդգծել է, որ հունիսի 6-ին և 7-ին Եմենում ձերբակալվել է ՄԱԿ-ի 13 աշխատակից, այդ թվում՝ ՄԻԳՀՎ-ի 6 աշխատակից։ ՄԱԿ-ի ևս 2 աշխատակից հութիների կողմից ձերբակալվել է 2021 թ. նոյեմբերից մինչև 2024 թ. հունիսն ընկած ժամանակաշրջանում։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, հութիները ձերբակալել են հասարակական կազմակերպությունների և դեսպանատների ավելի քան 50 աշխատակցի։ 

Ձերբակալված աշխատակիցներին ազատ արձակելու՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ կոչերն անտեսվել են։ 

Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը հունիսի 10-ին հայտարարել էր ԱՄՆ հետախուզական վարչության հետ կապված լրտեսական խմբի ձերբակալության մասին, որը մեղադրվում է տասնամյակներ շարունակ Եմենում հետախուզական և դիվերսիոն գործունեություն իրականացնելու մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում