Եվրոպա

Բուլղարիայում կձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայում կձևավորվի նոր ժամանակավոր կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հանձնարարել է Հաշվիչ պալատի փոխնախագահ Գորիցա Գրանչարովա-Կոժարևային ձևավորել երկրի տեխնիկական (ժամանակավոր) կառավարություն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

Մինչ այս տեխնիկական կառավարության նախկին նախագահ Դիմիտար Գլավչևը հրաժարվել էր ձևավորել նախարարների հերթական  ժամանակավոր կաբինետ։ Գլավչևը ղեկավարում է Բուլղարիայի Հաշվիչ պալատը, սակայն ժամանակավոր վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակաշրջանում աշխատանքի հիմնական վայրում նա գտնվել է չվճարվող արձակուրդի մեջ։

Սպասվում է, որ Գրանչարովա-Կոժարևան կաբինետը կձևավորի մինչև օգոստոսի 19։ Նրա տեխնիկական կառավարությունը կաշխատի մինչև երկրում հերթական վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները։ Ռադևն ընտրությունների ամենահարմար ամսաթիվը համարում է հոկտեմբերի 20-ը։ Ընտրությունների անցկացման անհրաժեշտություն է առաջացել, քանի որ խորհրդարանի ներկայիս կազմի երեք հիմնական քաղաքական ուժերին չի հաջողվել կառավարություն ձևավորել հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով։

Գրանչարովա-Կոժարևան Բուլղարիայի պատմության մեջ երկրորդ կինն է, որը գլխավորում է կառավարությունը։ Նախագահ Ժելյու Ժելևի օրոք առաջինը եղել է Ռենետա Ինջովան` 1994 թվականին։

Բուլղարիայում իշխանության ճգնաժամը շարունակվում է 2021 թվականից։ Այս ընթացքում երկրում փոխվել է վեց կառավարություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում