Ֆինանսներ

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

3 րոպեի ընթերցում

Ֆինանսական աջակցություն է տրամադրվում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքի ընդունող գործատուներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսական աջակցություն է տրամադրվում բոլոր այն գործատուներին, ովքեր աշխատանքի կընդունեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Ստորև հրապարակում ենք գործատուներին հետաքրքրող հարցերի պատասխանները.

Ի՞նչ պայմանների պետք է բավարարի ԼՂ-ից բռնի տեղահանված անձը, որպեսզի ընդունեն աշխատանքի և գործատուն ստանա աջակցություն

Ծրագրի շրջանակում գործատուն կարող է աշխատանքի ընդունել  2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր հաշվառված են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում, ունեն գործազուրկի կարգավիճակ և վերջին մեկ ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն: 

Արդյոք գործատուն ֆինանսական աջակցություն կստանա, եթե աշխատանքի ընդունի 2020 թվականին ԼՂ-ից տեղահանված անձին  

Ո՛չ, քանի որ ծրագիրն ուղղված է 2023 թ․ սեպտեմբերին ԼՂ-ից բռնի տեղահանված գործազուրկ անձանց զբաղվածության ապահովմանը։

Որքա՞ն աջակցություն կստանա ԼՂ-ից բռնի տեղահանված անձին աշխատանքի ընդունելու դեպքում

Ծրագրի շրջանակում գործատուները կարող են ստանալ երեք ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով գումար՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։ Իսկ եթե կազմակերպեք ԼՂ-ից բռնի տեղահանված անձի աշխատանքային պրակտիկան Ձեզ մոտ՝ երեք  ամիս ժամկետով, կստանաք ամսական 165,000 դրամ՝ որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում և ևս 3 ամիս ժամկետով ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով շահառուի աշխատավարձից հաշվարկվող հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցում։

ԼՂ-ից բռնի տեղահանված քանի՞ անձի կարող է ընդունել աշխատանքի նույն գործատուն

Ծրագրով շահառուների թվի հետ կապված սահմանափակում նախատեսված չէ։

Արդյոք գործատուն կարող է լուծել պայմանագիրը՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը

Գործատուի և շահառուի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև սահմանված ժամկետի լրանալը լուծելու դեպքում գործատուն պարտավորվում է վճարել հատուցում՝ իր առաջարկությամբ կազմակերպված ուսուցման ընթացքում շահառուին որպես ուսման վարձի փոխհատուցում և կրթաթոշակ վճարված գումարի չափով կամ վերադարձնել որպես շահառուի աշխատավարձի փոխհատուցում վճարված գումարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում