ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը ժամանել է ՌԴ Կուրսկի մարզ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։
«Թանկագին ընկերներ, ես արդեն գտնվում եմ Կուրսկի մարզում, և «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը գտնվում է այստեղ: Մենք կամաց-կամաց այստեղ արդեն հաստատվել ենք, կանենք մեր գործը հանուն մեր պետության բարօրության», - Ալաուդինովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Ըստ «Ախմատ»-ի հրամանատարի՝ իրադրությունը Կուրսկի մարզում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերն անցել են սահմանը, ծայրահեղ չէ։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական ուժերը շուտով կոչնչացվեն։
«Ոչ մի ծայրահեղ, ողբերգական բան չի եղել: Այո, հակառակորդը մտել է սահմանամերձ տարածքներ, մի քանի բնակավայրեր գրավված են հակառակորդի կողմից: Նա փորձում է առավելագույնս առաջ գնալ…. Այնուամենայնիվ, կրկնվեմ, Աստված տա, մոտ ապագայում այս հարցն ավարտվի: Այդ ուժերը կոչնչացվեն, և հատուկ ռազմական գործողությունն այս տարի կավարտվի Ռուսաստանի հաղթանակով», - նշել է գեներալ-մայորը: