Եվրոպա

Անգլիայի խոշոր քաղաքներում ռասիզմի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

2 րոպեի ընթերցում

Անգլիայի խոշոր քաղաքներում ռասիզմի դեմ բողոքի ցույցեր են տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայում միգրանտների և մուսուլմանների դեմ մի քանի օր շարունակվող անկարգությունների ֆոնին բազմաթիվ խոշոր քաղաքներում ռասիզմի դեմ բազմահազարանոց բողոքի ցույցեր են տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Sky News պարբերականը։

Մուսուլմանական համայնքները և ձախ քաղաքական ուժերը ռասիզմի դեմ ցույցեր են կազմակերպել Բիրմինգեմում, Բրայթոնում, Բրիսթոլում, Դերբիում, Լիվերպուլում, Լոնդոնում, Նյուքասլում, Օլդերշոթում, Սաութհեմփթոնում և Շեֆիլդում։ Նորթհեմփթոնում և Դուվրում մի քանի ցուցարարներ բերման են ենթարկվել հասարակական կարգի  խախտման համար։

Զուգահեռաբար Անգլիայի որոշ քաղաքներում տեղի են ունեցել ազգայնականների բողոքի ցույցեր անվերահսկելի ներգաղթի դեմ։ Փլիմութում և Փորթսմութում ցուցարարները փորձել են փակել ճանապարհային երթևեկությունը, ինչի հետևանքով ձերբակալվել են ոստիկանության կողմից: Նաև հաղորդվում է Լոնդոնի հարավային Քրոյդոնի շրջանում ոստիկանության հետ ակտիվիստների բախումների մասին։ Բացի այդ, իրավապահները ցուցարարների նկատմամբ ուժ են կիրառել Բլեքփուլում։ 

Բողոքի ցույցերը Միացյալ Թագավորության տասնյակ քաղաքներում արդեն շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ։ Խռովությունների առիթ է դարձել հուլիսի 29-ին Սաութփորթ քաղաքում երեխաներին թիրախավորող դանակահարությունը, որի հետևանքով երեք աղջիկ է զոհվել, ևս 8 երեխա և 2 չափահաս՝ վիրավորվել։ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել, որ դանակահարությունն իրականացնող 17-ամյա երիտասարդի ծնողները Ռուանդայից են:

Բողոքի ակցիաների ընթացքում ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 400 մարդ, տուժել են իրավապահ մարմինների  տասնյակ աշխատակիցներ, հրկիզվել են մի քանի խանութներ, ոստիկանական տեղամասեր ու ավտոմեքենաներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում