Ադրբեջան

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հարձակման է ենթարկվել

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը հարձակման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հարձակման են ենթարկվել Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաֆար Հուսեյնզադեն ու նրա կինը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ում Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադեին։ 

«Օգոստոսի 5-ին՝ իմ արձակուրդի ժամանակ, Բրյուսելի ժամանակով ժամը 15.00-ին այն տան առջև, որտեղ ապրում եմ Բելգիայում, 2 անհայտ անձ հարձակվել են իմ և կնոջս վրա։ Այդ մարդիկ ներխուժեցին շենք, երբ մենք մուտք էինք գործում, մեզ սպառնացին զենքով և դանակներով և վերցրին մեր իրերը», - պատմել է Ջաֆար Հուսեյնզադեն։

Վերջինս նաև պատմել է, որ հարձակվողները տարածքից հեռացել են՝ խլելով կնոջ պայուսակն ու «Rolex» ժամացույցը՝ պատճառելով մարմնական թեթև վնասվածքներ։ 

«Ոստիկանությունն անհապաղ եկավ պատահարի վայր և սկսեց հետաքննությունը։ Ոստիկանությանը տրամադրված տեղեկության հիման վրա ներկայում իրականացվում են քննչական միջոցառումներ՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- ասել է Հուսեյնզադեն։ 

Նա հավելել է, որ մամուլում շատ են ուռճացնում իրենցից գողացված ժամացույցի արժեքի թեման։ «Թեև մեր ժամացույցը «Rolex» էր, բայց դա մետաղական ու պարզ մոդել էր», - ասել է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ հավելելով, որ երկրի դեսպանությունը պաշտոնապես դիմել է բելգիական կողմին և պահանջել միջոցներ ձեռնարկել Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի շրջանակում ապահովել դիվանագետների անձեռնմխելիությունը և նման հարձակումների կանխումը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում