Իրավունք

Քննչական կոմիտեի ղեկավարության թիրախային նիշը ժողովրդի վստահությունը շահելն է․ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի հարցազրույցը

24 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի ղեկավարության թիրախային նիշը ժողովրդի վստահությունը շահելն է․ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանի հարցազրույցը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հանցագործությունների աճին էականորեն նպաստել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ աճը։ Վիրտուալ աշխարհը սահմաններ չի ճանաչում, մուտք է գործել իրական կյանք և գրեթե բոլոր հանցագործություններն այս կամ այն չափով կատարվում են կիբեռոլորտի գործիքներով։ Դրա անդադար զարգացումը մշտապես ստիպում է իրավապահ մարմիններին շարժվել այդ նորարարությունների և դրանք հանցագործների կողմից կիրառելու տեխնոլոգիաների ետևից, անդադար կատարելագործել քննիչների հմտությունները, ինչու չէ՝ նաև կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի պայքարը դառնա արդյունավետ: Քննչական կոմիտեի հիմնադրման 10-ամյակի առիթով «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։   

Հարցազրույցի ընթացքում Արթուր Մելիքյանն անդրադարձել է Քննչական կոմիտեի ձեռքբերումներին, առաջիկա ծրագրերին, Հայաստանում հանցագործությունների շարունակվող աճին, հանրության շրջանում հետաքրքրություն առաջացրած դեպքերին, կալանքի պրակտիկային և «ուշացած» արդարադատությանը։  

- Պարոն Մելիքյան, Քննչական կոմիտեն այս տարի նշում է հիմնադրման 10-ամյա հոբելյանը։ Դուք երկար տարիներ աշխատել եք համակարգում և քաջածանոթ եք կառույցի անցուդարձին, աշխատանքին։ Տասը տարվա ընթացքում Քննչական կոմիտեն ի՞նչ ձեռքբերումներ, գուցե, նաև բացթողումներ է ունեցել։

- Նախ՝ օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել գործընկերներիս Քննչական կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ։ Սա կարևոր հանգրվան է մեր անցած ճանապարհը գնահատելու, անելիքները որոշարկելու առումով։ 

Նախաքննական մարմնում ծառայությունս սկսել եմ 1996 թ. նոյեմբերից, երբ ՆԳ նախարարության կազմում գործում էր քննչական վարչությունը: ՆԳՆ-ն այն ժամանակ հանդիսանում էր հետաքննության մարմին: Ստեղծվել էր մի իրավիճակ, որ դատավարական առումով նախաքննական մարմինը, որը հանդիսանում է մինչդատական վարույթի լոկոմոտիվը, ենթարկվում էր հետաքննության մարմնի ղեկավարին։ Այսինքն՝ նախաքննական մարմինը ոչ միայն անկախ չէր, այլև ծառայողական կախյալ վիճակում էր գտնվում հետաքննության մարմնից:

Արդեն անկախ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ինստիտուտի զարգացմանը զուգահեռ նշված խնդրի կարգավորումը դարձավ արդիական։ 2007 թվականի նոյեմբերին դատախազությունից հանվեց նախաքննական գործառույթը:

2013 թվականի սեպտեմբերին պետության կողմից խնդիր դրվեց քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու համար Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա կազմավորել միասնական քննչական մարմին:

Այն, ի վերջո 2014թ․ ստեղծվեց, սակայն ինչ-ինչ պատճառներով Քննչական կոմիտեն կազմավորվեց միայն ՆԳՆ և ՊՆ քննչական ստորաբաժանումների հենքի վրա:

Միավորման գործընթացը տրամաբանական հանգուցալուծման հասավ 2023-2024 թվականներին, երբ քննչական կոմիտեն իր շարքերն ընդունեց ազգային անվտանգության և պետական եկամուտների քննչական ստորաբաժանումները։ Այս ժամանակահատվածում Կոմիտեի կազմում վերջիններիս կատարած նախաքննության արդյունավետությունն ակնհայտ դարձրեց, որ պետության այդ քաղաքականությունն արդարացված էր։ 

Հիմնական հաջողություններից երկրորդն իմ կարծիքով Հայաստանում գործող ամենամեծ՝ ՆԳ նախարարության փորձաքրեագիտական վարչության ինտեգրումն էր Քննչական կոմիտեին: Չմանրամասնելով, միայն նշեմ, որ փորձագիտական կառույց ունենալու պարագայում նախաքննության արդյունավետությունը հաստատապես կրկնակի բարձրանալու է:  

Նախաքննության արդյունավետության բարձրացման, կոռուպցիայի հակազդման և համակարգի կայունության հիմնական գործոններից մեկն էլ վարձատրության՝ բարձր աշխատավարձի և սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովման հարցերի կարգավորում էր: Այսօր արդեն քննիչների համար ստեղծվել են աշխատանքային արդիական պայմաններ, հիմնովին լուծվել են անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման հարցերը:

Կարևոր եմ համարում նաև այն փաստը, որ իրավապահ գործընկեր կառույցների հետ աշխատում ենք նախադեպը չունեցող արդյունավետ համագործակցությամբ, ինչի շնորհիվ գրանցում ենք լրջագույն արդյունքներ:

Այս 10 տարիներին Կոմիտեն, իհարկե, ունեցել է նաև թերություններ, բացթողումներ, որոնք հատուկ են ցանկացած նոր ստեղծվող ու կայացման ճանապարհ անցնող համակարգի։ Բայց դրանք հընթացս շտկվում են: Կարևորն այն է, որ դրանք այնքան էական չեն եղել, որ կասկածի տակ դնեին համակարգի ստեղծման նպատակահարմարությունը։

-Անցած տաս տարիների ընթացքում Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի գլխավոր վարչությունն ինչպիսի բովանդակային փոփոխությունների է ենթարկվել՝ կապված հանցավորության վիճակի կամ բարեփոխումների հետ։ 

-Այս ստորաբաժանման պատմությունը գալիս է դեռևս 1963-ից։ Սակայն այդքան չխորանալով նշեմ, որ 1990-ականներին, երբ կազմակերպված հանցավորությունն իր բոլոր դրսևորումներով գլուխ բարձրացրեց, Ներքին գործերի նախարարության կազմում ձևավորվեց Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն (ԿՀԴՊԳՎ), որի կազմում էլ՝ ՀԿԳ քննչական վարչություն: 

2007 թ. նոյեմբերին, երբ դատախազությունից նախաքննական գործառույթն առանձնացվեց, ՆԳՆ քննչական վարչությունում արդեն ձևավորված ՀԿԳ քննության վարչության կառուցվածքը նույնպես փոխվեց, այն ավելի ընդլայնվեց, և այս կառույցի դերն սկսեց աստիճանաբար բարձրանալ, Դատախազության քննչական մասում իրականացված նախաքննության գերակշիռ մասն անցավ ՀԿԳ-ին:

Քննչական կոմիտեի կազմավորման ժամանակ ՀԿԳ ՔԳ վարչությունը բաղկացած է եղել չորս վարչություններից, իսկ հետագայում՝ կիբեռհանցագործությունների ի հայտ գալուց և խոշտանգումների դեպքերով քննչական ենթակայությունը Կոմիտեին անցնելուց հետո, վարչություններն ավելացան ևս երկուսով: Կրկին քննչական ենթակայության փոփոխությամբ պայմանավորված՝ վարչություններից մեկը, որն զբաղվում էր կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, վերակազմավորվեց սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության ուղղությամբ:

ՀԿԳ-ում հավաքվել են անձնական բարձր որակներով նվիրյալներ, որոնցից յուրաքանչյուրը, վարույթ իրականացնելով, հավատացեք՝ մի մարտական խնդիր է կատարում: 

Մի շատ կարևոր հանգամանք պետք է հպարտությամբ նշեմ․ ՀԿԳ-ն կենտրոնական մարմնի ստորաբաժանումների և տարածքային ստորաբաժանումների պետերի յուրահատուկ դպրոց-դարբնոց է։ Եթե ուշադրություն դարձնեք, կտեսնեք, որ գործող ղեկավարներից շատերը նշանակվել են ՀԿԳ-ից։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն նախաքննությամբ են զբաղված, այլ նաև ղեկավար կադրեր պատրաստելով, այդ թվում՝ պետական այլ ապարատների համար:   

-Նախորդ տարի Հայաստանում գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների դեպքերի աճ է գրանցվել։ Մտահոգիչ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդու դեմ ուղղված հանցագործությունների, համակարգչային հափշտակության, ընտանեկան բռնության դեպքերի աճը։ Կա՞ արդյոք վերլուծություն, թե ինչով է պայմանավորված հանցագործությունների թվի աճը. բացահայտումներն ե՞ն շատացել, նոր օրենսգի՞րքն է պատճառը, թե՞ այլ հանգամանքներ կան։ 

-Հարցն ավելի խորքային ու համապարփակ վերլուծության տեղիք է տալիս, և այս ձևաչափով դա հնարավոր չէ իրականացնել։ Կարող եմ միանշանակ պնդել, որ ի թիվս այլնի, հանցագործությունների աճին էականորեն նպաստել է ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կտրուկ աճը։ Վիրտուալ աշխարհը սահմաններ չի ճանաչում, մուտք է գործել իրական կյանք և գրեթե բոլոր հանցագործություններն այս կամ այն չափով կատարվում են կիբեռոլորտի գործիքներով։ Ընդ որում՝ դրա անդադար զարգացումը մշտապես ստիպում է իրավապահ մարմիններին շարժվել այդ նորարարությունների և դրանք հանցագործների կողմից կիրառելու տեխնոլոգիաների ետևից, անդադար կատարելագործել քննիչների հմտությունները, ինչու չէ՝ նաև կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի պայքարը դառնա արդյունավետ: Ներկայում արդեն որոշակի հաջողություններ ունենք, այդ թվում և գործիքների ձեռք բերման առումով, բայց դեռ զարգացնելու տեղ ունենք: 

Մյուս կողմից՝ նաև հաղորդակցային տեխնոլոգիաների մանիպուլյատիվ ազդեցությամբ հասարակությունների ներսում, մարդկային փոխհարաբերություններում նեգատիվ, ատելության խոսույթի ավելացման միտումներ կան, որոնք հաճախ դառնում են հանցագործությունների առիթ կամ պատճառ։ Մյուս կողմից, իհարկե, չենք կարող չընդգծել նաև լատենտային հանցատեսակներով բացահայտումների որոշակի աճը, որը վերևում նշածս՝ իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության արդյունք է։ Նման օրինակներից են, ասենք՝ թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության, կոռուպցիոն դեպքերի բացահայտումները։ Այսինքն՝ սա բազմագործոն խնդիր է և պահանջում է ոչ միայն իրավապահ մարմինների, այլև ողջ հանրության ներգրավվածությունը։   

-Պարոն Մելիքյան, Մարդու իրավունքների պաշտպանը, իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգիչ են համարում Հայաստանում կիրառվող կալանքի պրակտիկան՝ նշելով, որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ի վերջո, Դուք ի՞նչ խնդիր եք տեսնում այստեղ և ի՞նչ կարող եք ասել այս մասով։

-Վերջին շրջանում այս հարցի կապակցությամբ շատ են քննարկումները։ Բայց ես համակարծիք չեմ հարցը զուտ հռետորաբանության մակարդակում քննարկողների հետ: Նախ կարծում եմ հարցին պետք է պատասխանեն դատարանները, ապա՝ կառաջարկեմ խորքային ուսումնասիրություններ կատարել և հասկանալ, թե որ օղակներում կան խնդիրներ, քանի որ կալանքի որոշումը գոնե ներպետական երկու ատյանով դատական ստուգման է ենթարկվում: Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ կալանքի պրակտիկան չի համապատասխանում միջազգային չափանիշներին, ապա այդ տեսակետը հիմնազուրկ է, քանի որ կալանքի որոշումների հիմքում դրվում է այն օրենսդրությունը, որը համապատասխանեցված է միջազգայինի հետ, ինչպես նաև փորձաքննություն է անցել համապատասխանության մասով: 

Ընդհանրապես, կարելի է նկատել, որ կալանքի հարցը՝ որպես կանոն, դիտարկվում է պարզ, նույնիսկ պարզունակ համեմատությունների համատեքստում։ Մինչդեռ պետք է նայել դրանց դինամիկան կատարվող հանցագործությունների, այդ թվում՝ հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների քանակական դինամիկայի ֆոնին։ Նման մեթոդաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող է պարզ դառնալ, որ ներկայացվող պատկերն այնքան էլ տեղին չէ։ Բացի այդ, խափանման նոր միջոցների՝ տնային կալանքի, վարչական հսկողության նոր ինստիուտներն էականորեն ազդել են իրավիճակի վրա։ 

-Ինչ առանցքային կամ շրջադարձային դեպքեր, սխեմատիկ խոշոր հանցագործություններ կարող եք առանձնացնել, որոնք  քննվել են անցնող 10 տարիների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում և արդյունքներն ազդեցություն են ունեցել հանրապետությունում քրեական իրավիճակի վրա։

Գերագնահատել չստացվի, բայց գլխավոր վարչությունում քննված բոլոր քրեական վարույթները մեկը մյուսից յուրահատուկ են, քննվող բոլոր վարույթներով բացահայտված հանցագործություն կատարած անձինք կամ հանցավոր խմբերը հանրության տարբեր շերտերին և նրանց գործունեությանը ոտնձգած ներքին թշնամիներ են։ Չկա այնպիսի ոլորտ, որտեղ կատարված հանցագործություններով ՀԿԳ-ի քննիչները վարույթ իրականացրած չլինեն: 

Չեմ ուզում որևէ վարույթ առանձնացնել՝ ուղղակի մյուսների աշխատանքը չնսեմացնելու համար։ Բայց, կարծում եմ, բոլորի համար տեսանելի են, օրինակ, միլիոնավոր դոլարների թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման բազմադրվագ դեպքերի բացահայտումները, զանգվածային անկարգությունների, զինված խուլիգանությունների դեպքերի մանրակրկիտ քննությունների արդյունքները, աղմկահարույց սպանությունների, հանցավոր խմբերի կողմից կատարված առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումները, քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ տարվող քրեաիրավական պայքարը, որի արդյունքում այդ արատավոր երևույթը աստիճանաբար կորցնում է իր ազդեցությունը։ 

Մենք էական հաջողություններ ենք արձանագրել ինչպես աշխատանքային, այնպես էլ սեռական թրաֆիքինգի, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ, դեպքերի բացահայտման առումով, որոնք նախկինում խնդրահարույց էին համարվում։ Կամ սեփականության դեմ ուղղված լրջագույն հանցագործություններ ենք բացահայտել, որոնցից վերջինը բազմաթիվ անձանց ներգրավմամբ միայնակ ապրող կամ անժառանգ անձանց սեփականությունը հանդիսացող անշարժ գույքերը բամզաքայլ, սխեմատիկ խարդախություններով, փաստաթղթերի կեղծման մեխանիզմի գործադրմամբ հափշտակելու վարույթն էր։

Որևէ երկրում կրիմինալ վիճակի վրա ազդում է հատկապես ծանր, առանձնապես ծանր, աղմկահարույց հանցագործությունների բացահայտման և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ցուցանիշը։ Այս առումով ՀԿԳ-ի արդյունավետությունը ուղիղ համեմատական է Հայաստանում քրեական իրականության վերահսկելիությանը։ Եվ այն բանում, որ չնայած հանցագործությունների որոշակի աճին՝ ի տարբերություն շատ այլ երկրների, Հայաստանը շարունակում է ավելի ապահով երկիր մնալ, իր համեստ լուման ունի նաև ՀԿԳ քննության գլխավոր վարչությունը։ 

Ընդհանուր առմամբ 2014-2024թթ. ընթացքում Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվել է 5.832 քրեական վարույթ, որից 643-ը՝ 1.461 անձանց վերաբերյալ ﬔղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Վերոգրյալից, երևի թե, արդեն հասկանալի է, թե հատկապես ինչ կատեգորիայի են եղել դատի տրված այդ անձինք։   

-Նախաքննական մարմինները գերատեսչական ենթակայությունից հանելու և միավորելու հիմնական նպատակը եղել է նախաքննության պրոֆեսիոնալության և անկախության բարձր երաշխիքների ապահովումը։ Որքանո՞վ է հաջողվել անցնող 10 տարիների ընթացքում հասնել այս նպատակին։

-Խոսքերով չէ, որ պետք է հավաստվի նախաքննական մարմնի անկախությունը։ Դա տեսնում ենք ամրագրված Սահմանադրությամբ, օրենսդրորեն, պետական համակարգի կառուցվածքով, այսինքն՝ ինստիտուցիոնալ մակարդակում: Իմ կարծիքով իսկապես հասել ենք այն մակարդակին, որ անկախության բարձր երաշխիքներն ապահովված են, իսկ այդ ամենի ցուցիչները նախաքննության արդյունքներն են: 

Ընդ որում՝ անկախությունը միշտ համադրելի է որակի հետ։ Չի կարող նախաքննական մարմինը էությամբ անկախ լինել, եթե որակյալ նախաքննություն չի իրականացնում, իսկ դրա նախադրյալը որակյալ կադրերն են։ Քննչական կոմիտեի առաջնային խնդիրն է՝ համակարգը որակյալ կադրերով համալրելը, որի ուղղությամբ անդադար ընթացակարգեր ենք կատարելագործում։ Սա շարունակական գործընթաց է և երբեք կանգ չի առնելու ժամանակի առաջ բերած մարտահրավերների հանդեպ միշտ դիմակայուն լինելու համար։ Այսինքն՝ անկախության իրավական երաշխիքներին փորձում ենք միս ու արյուն տալ մասնագիտական ռեսուրսի և դրանով պայմանավորված՝ նախաքննության որակի բարձրացմամբ։     

-2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացված բողոքի ակցիայի ընթացքում հասարակական կարգի պաշտպանության և հատուկ պահպանվող տարածքների պահպանության պարտականություններ կատարող ոստիկանության ծառայողների գործողությունների համաչափության և իրավաչափության առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել էր առանձին քրեական վարույթ։ Հայտնի է, որ նախաքննության շրջանակներում մի շարք անձինք, այդ թվում՝ 8 լրագրողներ, ճանաչվել են տուժող։ Պարոն Մելիքյան, ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել գործից, նախաքննությունն արդեն ավարտվե՞լ է։

-Հաշվի առնելով, որ այդ վարույթով նախաքննության փուլում ենք և ապացույցների հավաքման ուղղությամբ ակտիվ գործողություններ են իրականացվում, դեռևս ժամանակավրեպ է մանրամասներին անդրադառնալը: Հանրությունը սպասում է մի շարք հարցերի պատասխանների, որոնք միանշանակ ստացվելու են մինչդատական վարույթի արդյունքում։ Հասնելու ենք նախաքննության այն փուլին, երբ վարույթի արդյունքներն օրենքով թույլատրելի սահմաններում ու չափով կհրապարակվեն: Բայց ուզում եմ նշել, որ քաղաքացիական հանրության ուշադրության առանցքում գտնվող բոլոր դրվագները քննության առարկա են։  

-2024 թվականի հունիսի 6-ին ժամը 23։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի էր ունեցել պայթյուն, որի հետևանքով ունեցանք զոհեր և վիրավորներ։ Քննչական կոմիտեն մի շարք հոդվածներով հարուցել էր քրեական վարույթ և նշանակել համալիր ու դատաբժշկական փորձաքննություններ: Ի՞նչ փուլում է քրեական վարույթն, ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել: Կա՞ն արդյոք մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք։

-Այս դեպքում նույնպես ակտիվ գործողություններ են իրականացվում ապացույցների հավաքման, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ինչպես գիտեք, նման դեպքերում օբյեկտիվ և ամբողջական իրավական գնահատական տալու համար խիստ կարևոր, երբեմն որոշիչ նշանակություն են ունենում փորձաքննությունների արդյունքները։ Դրանք ստանալուց հետո կհամադրվեն նախաքննությամբ ձեռք բերված մյուս փաստերի, ապացույցների հետ և վերջնական եզրակացության կգանք ինչպես պայթյունի պատճառների, այնպես էլ տվյալ օբյեկտի շահագործելիության պահանջների պահպանման, դրա նկատմամբ վերահսկողության իրականացման առումներով: Այսինքն՝ դեպքը քննության առարկա է համակողմանի։ Նման դեպքերում տեղի ունեցածի հանգամանքների, նպաստած գործոնների վերհանումը նաև կանխարգելիչ նշանակություն ունի՝ նմանատիպ վտանգավոր այլ օբյեկտներում այդպիսի դեպքերը կանխարգելելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու առումով։ Այդ ամենի մասին նախաքննության համապատասխան փուլում Քննչական կոմիտեն թույլատրելի սահմաններում հանրությանը տեղեկատվություն կտրամադրի։ 

-Շատ են խոսում քրեական գործերի քննության ժամկետների ձգձգման, «ուշացած» արդարադատության մասին։ Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը, որովհետև շատ քաղաքացիներ հենց այս խնդրի առկայության պատճառով կորցնում են վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ։

-Գործող քրեական դատավարության օրենսգրքով նախաքննության ժամկետների փոխարեն սահմանվել են քրեական հետապնդման ժամկետներ, որով, ըստ էության, դրական քայլ է կատարվել ի օգուտ կողմերի։ Այսինքն՝ քննիչը հստակ սահմանված ժամկետներում պետք է ավարտի նախաքննությունը: Նախաքննության փուլում խնդրի հիմնական պատճառներից մեկը մնում է նշանակվող փորձաքննությունների տևականությունը, ինչը փորձագիտական կենտրոնների գերծանրաբեռնվածության հետևանքն է։ Կոմիտեում ներդրել ենք ծանրաբեռնվածության թոթափման մեխանիզմ, որն արդեն իր դրական արդյունքները տալիս է։ Դա թույլ է տալու, որպեսզի քննիչը, որի վարույթում միջին հաշվով 80-ից 100 քրեական վարույթ կա, ավելի շատ ժամանակ հատկացնի իր քննչական գործողություններին և արագացնի նախաքննությունը։ Ծանրաբեռնվածությունն առաջացել էր նաև հետաքննության փուլը նախաքննության փուլին միավորելու հետևանքով, որի ազդեցությունը ևս փորձում ենք մեղմել:

Ինչ խոսք, նույնը չենք կարող ասել դատավարության հետագա փուլերի մասին, որն իրոք խնդիր է։ Ձեր նշած «ուշացած» արդարադատությունը վերաբերում է առավելապես քննության հետագա փուլերին: Իմ կարծիքով՝ լուրջ վերլուծությունների կարիք կա, որոնց արդյունքներով օրենսդրական փոփոխություններ հնարավոր կլինի կատարել: Բայց մի կարևոր հանգամանք նշեմ, որ դատական քննության փուլի ձգվող ժամկետներին էլ ուղիղ ազդում է դատարանների գերծանրաբեռնվածությունը։ 

-Պարոն Մելիքյան, որո՞նք են լինելու Քննչական կոմիտեի առաջնային քայլերը, ի՞նչ ուղղությամբ է հիմնական աշխատանքը տարվելու: Ի՞նչը կցանկանայիք փոխել Քննչական կոմիտեի գործունեության մեջ:

-Կոմիտեի ղեկավարության թիրախային նիշը ժողովրդի վստահությունը շահելն է: Իմ կարծիքով՝ դա այն ցուցիչն է, որ կվկայի Կոմիտեի առավելագույն թափանցիկ և արդար աշխատանքի մասին: Դրան հասնելու միակ եղանակն արագ ու արդյունավետ նախաքննություն ապահովելն է, որն իր հերթին ենթադրում է օրենսդրական փոփոխությունների, համակարգի կառավարման, կադրային քաղաքականության, վարձատրության, սոցիալական երաշխիքների, աշխատանքային պայմանների մշտական ու հետևողական բարելավման, անձնակազմի հետ տարվող աշխատանքների, ծառայողների որակավորման մշտական բարձրացման և այլ կարևոր ուղղությունների զարգացում: Հետևաբար, ներկայիս իրավիճակում մենք ոչ թե փոխելու մասին ենք մտածում, այլ զարգացման և կատարելագործման, մեր գործիքակազմի ու միջոցների, միջազգային գործընկերների հետ գործակցության ծավալների ընդլայնման։ Տարակույս չունեմ, որ որդեգրված քաղաքականությունը մեզ տանելու է առավել ուժեղ, իրավապահ համակարգում իր աներեր տեղն ունեցող, հանրային վստահության ավելի մեծ ռեսուրս ունեցող քննչական մարմնի մեր տեսլականի իրականացման ճանապարհով։ 

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում