Փոդքասթ

Podcast-ՍոցUp․ Աշխատողին սահմանված ժամկետում արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուի նկատմամբ տույժ կկիրառվի

3 րոպեի ընթերցում

Podcast-ՍոցUp․ Աշխատողին սահմանված ժամկետում արձակուրդ չտրամադրելու դեպքում գործատուի նկատմամբ տույժ կկիրառվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն՝ եթե աշխատողը 30 ամիս շարունակ չդիմի գործատուին արձակուրդ գնալու համար, ապա գործատուն իրավունք ունի առանց այդ դիմումի նրան արձակուրդ ուղարկել։

Այս մասին «Արմենպրես»-ի  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ արձակուրդներին վերաբերելի կարգավորումներն Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններից ամենապահանջվածն էին։ 

«Բավականին լուրջ և կարևոր փոփոխություններ են կատարվել։ Ամենակարևորն այն է, որ կարգավորումները, որոնք տարիներ շարունակ եղել են Աշխատանքային օրենսգրքում, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կիրառվել թե՛ գործատուների, թե՛  աշխատողների կողմից, այսուհետ կյանքի կոչվեն։

Մասնավորապես՝ տարիներով չկուտակվեն արձակուրդներ, այսինքն՝ հնարավորություն տրվի, որ աշխատողն իր հանգստի իրավունքն իրացնի, իսկ գործատուն հետագայում խնդիրներ չունենա, որովհետև, մեծ հաշվով, մի օր այդ արձակուրդների համար ինքը վճարելու է և ավելի թանկ, քան եթե ժամանակին ուղարկեր արձակուրդ»,-ընդգծեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝  նախկինում այդ խնդիրը վերլուծելիս ակնհայտ էր դառնում, որ և՛ գործատուն, և՛ աշխատողը իրենց հերթին օբյեկտիվորեն ճիշտ էին։ Գործատուն պարզաբանում էր, որ  աշխատողը չի դիմել արձակուրդ գնալու համար, իսկ աշխատողը պատճառաբանում էր, որ իր դիմումը մերժվել է։

«Այդ հարցը փորձեցինք լուծել Աշխատանքային օրենսդրությամբ հստակ նորմեր ամրագրելու միջոցով։ Եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով աշխատողը 30 ամիս շարունակ չի դիմում գործատուին արձակուրդ գնալու հարցով, ապա գործատուին տվել ենք բացառիկ իրավունք՝ առանց աշխատողի դիմումի նրան ուղարկել արձակուրդ»,-ասաց ոլորտի պատասխանատուն։

Սարգսյանը պարզաբանեց, որ 30-ամսյա ժամկետը սահմանվել է՝ հաշվի առնելով

աշխատանքային տարին՝ գումարած ևս 18 ամիս, որովհետև աշխատողին ամենամյա արձակուրդը մինչև 18 ամիս տեղափոխելու իրավունք է տրվել։ 

Ամրագրվել է նաև կարգավորում, որ եթե, այնուամենայնիվ, գործատուն  առանց աշխատողի դիմելու սահմանված ժամկետում  չի տրամադրում արձակուրդ, ապա տույժ է կիրառվելու գործատուի նկատմամբ՝ ի օգուտ աշխատողի։  

«Նպատակն, իհարկե, տույժը չէ, այլ այն, որ բանը դրան չհասնի, և ինչ-որ ժամանակ հետո չունենանք այն պատկերը, որն ունենք, իսկ այսօր ունենք մի իրավիճակ, երբ աշխատողները տարիներով արձակուրդ չեն գնացել։ Խոսքը գնում է ինչպես բավականին մեծ օրերի, այնպես  էլ գումարների մասին, որոնք ուշ թե շուտ տրամադրվելու են գործատուի կողմից»,-եզրափակեց Սարգսյանը։ 

Առավել մանրամասն՝ Podcast-ում (19:17ր-ից․)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում