Միացյալ Նահանգներ

Ամերիկյան զորքերը մինչև օգոստոս կհեռանան Նիգերից

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան զորքերը մինչև օգոստոս կհեռանան Նիգերից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիգերից ամերիկյան զորակազմի դուրսբերումը կավարտվի օգոստոսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին արևմտյան լրատվամիջոցներին հայտնել է Աֆրիկայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Քենեթ Էքմանը:

«Զինվորների դուրսբերումը հաջող է ընթանում: Այդ հարցում հիանալի համագործակցում ենք Նիգերի մեր գործընկերների հետ: Ակնկալում եմ, որ գործընթացը կավարտվի օգոստոսի սկզբին», - ասել է Էքմանը: 

Միաժամանակ, նա նշել է, որ զորքերի դուրսբերումը տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ անհանգստության լուրջ տեղիք է տալիս, քանզի Սահելի շրջանում աճում է ծայրահեղականների սպառնալիքը, որը մեծ վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար: 

Այս տարվա մարտին Նիգերի իշխանությունները հայտարարելով, որ Վաշինգտոնն իրենց պարտադրել է 2012 թվականի ռազմական համագործակցության համաձայնագիրը՝ անվավեր են ճանաչել այն: ԱՄՆ-ի ռազմական ներկայության հայտարարված նպատակը եղել է աջակցությունը ծայրահեղականների դեմ պայքարում:

Մայիսին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հրահանգել էր Նիգերից ամբողջությամբ դուրս բերել ամերիկյան զորախումբը, որում ընդգրկված է մոտ հազար զինվորական։ Ավելի ուշ Նիգերի նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ իրենց երկրի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները պայմանավորվածության համաձայն՝ ամերիկյան ուժերը երկրից կհեռանան մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում