Վանաձորի թատրոնը նոր ներկայացման առաջնախաղը կազմակերպել է Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել անսովոր պայմաններում. «Մեկ գավաթ էնդորֆին» կատակերգությունը հանդիսատեսին է ներկայացվել ոչ թե թատրոնում, այլ Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նպատակը երկու կառույցի միջև մշակութային կապերի զարգացմանը նպաստելն է:

Պրեմիերային ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ներկայացումից առաջ կազմակերպվել է շրջայց պատկերասրահում, այնուհետև՝ գինու հյուրասիրություն, գինու համտեսի վարպետաց դաս է անցկացվել և ցուցադրվել են գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի ստեղծագործությունները (թանգարանի և անձնական հավաքածուներ)։

Ներկայացման բեմադրության հեղինակը Ժիրայր Գաբրիելյանն է, երաժշտական ձևավորումը` Հրանտ Վարդումյանի, պարերը` Արման Սաքանյանի: Դերերում` Արման Սաքանյան, Մարիամ Ղևոնդյան, Էդգար Քոչարյան, Նոնա Սաֆարյան, Էդգար Բարսեղյան:

 

 

 

Հայերեն